Որպես հազվագյուտ գրող ու ազատամարտիկ՝ Լևոնին ես փայփայել եմ. Սասուն ջոկատի հրամանատարը Լևոն Խեչոյան զինվորի մասին (տեսանյութ)

19:54 • 10.01.14

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ գրող, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը։ Հարազատները, ընկերներն ու մարտական ընկերները, ինչպես նաև քաղաքական գործիչներ ու պաշտոնյաններ եկել էին հրաժեշտ տալու ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկին։

 

Արձակագրի հոգեհանգստին էր եկել նաև Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ում ջոկատում կռվել էր գրողը։ Tert.am-ի հետ զրույցում հրամանատարը չթաքցրեց՝ ջոկատում նրան որպես գրողի փայփայել է, տարբերություն չի դրել, բայց գիտակցաբար ցանկացել է, որ նա կենդանի մնա ու կիսատ թողած գործը շարունակի:

 

«Ազգի մեջ տեսակ կա, որը միշտ ազգի փրկության, ճակատագրական պահերին միշտ կարողացել է կանգնել այն թեժ կետերում, էպիկենտրոնում, որտեղ դժվարությունները շատ են: Լևոն Խեչոյանին ես ոչ թե որպես ազատամարտիկ, այլ որպես գրողի եմ փայփայել եմ, ոչ թե տարբերություն եմ դրել, այլ ուղղակի որպես գրող–ազատամարտիկ հազվագյուտ է եղել մեր պատմության մեջ: Ես գիտակցաբար ուզել եմ, որ ինքը կենդանի մնա ու կիսատ թողած գործը շարունակի: Ինքը մեծ է եղել թե ջոկատի կազմում, թե տղերքի դաստիարակության մեջ: Ինքը տղերքին միշտ հավաքում էր, հեքիաթներից սկսած դաստիարակչական բաներ էր պատմում: Ինքը միշտ քարոզել է, որ հայ ջոկատները երբեք իրար դեմ դուրս չգան: Եթե այսօր ինչ-որ հաջողություններ ունենք, Լևոնն էլ իր ներդրումը ունի»,-ասաց նա:

 

Ազատամարտիկների ռազմադաշտային միության նախագահ Սուրեն Սարգսյանը նշեց. «Եթե կարդացել եք Լևոնի ստեղծագործությունները, իմացեք, որ կյանքն այդպես էլ կա: Նրա գրվածները մարդու մասին էին, կյանքի մասին, ապրելու մասին: Մենք ուս ուսի չենք կռվել մի տեղամասում, բայց Լևոնը մեր հպարտությունն էր: Լևոնը մի փոքրիկ պատմություն ունի, ասում է՝ հերթական անգամ հորեղբայրս տարավ մեր շանը ճանապարհ դնելու, ծերացել էր շունը, կապեց անիվից, և գնացքը տարավ շանը, շունը չէր կարող պոկվել: Հետո երեկոյան հայրս գինովցած տուն եկավ և իր հիվանդ ձեռքերով խփում էր հորեղբորս և ասում՝ քո ոտքերը լպստող շունն ուր է, ի՞նչ արեցիր։ Լևոնը մարդու այն տեսակն էր, որ խորը զգում էր կյանքը և խորը ներկայացնում: Լևոնը մեր ընկերն էր, մեր մարտական ընկերը, փառք ու պատիվ նրան, Լևոնն անմահացավ, հավատացեք ինձ»,- պատմեց ազատամարտիկ ընկերը։