ԱՆ-փաստաբաններ հակամարտությունն ավարտվեց հօգուտ վերջիններիս. ԱՆ-ը հետ է կանչել վիճահարույց օրենքի նախագիծը
Արդարադատության նախարարությունը շրջանառությունից անել է իր և փաստաբանների միջև լարվածության օջախ ստեղծող օրենքի փաթեթը, որը վերաբերում էր «Փաստաբանության մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելուն, որով փաստաբանների ռեեստր վարելու լիազորությունը վերապահվելու էր ՀՀ արդարադատության նախարարությանը և սահմանվելու էր փաստաբանի համար յուրաքանչյուր տարի 60.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն։
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Արա Զաքարյանը այս փաստը մեկնաբանեց այսպես. «Արդարադատության նախարարը, երևի հասկացավ, որ չի կարելի իրավաբանությունը փորձել ռեզինի պես ձգել և ամեն մի անհեթեթություն մոգոնել, ինչ է, թե բյուջե գումար մտնի»:
Հիշեցնենք, որ փաստաբանները դժգոհ էին այս առաջարկվող այս փոփոխությունից և հայտարարում էին, որ այդ կարգը չի ընդունվելու, եթե ընդունվի էլ, ոչ ոք չի վճարելու:
«Եվ եթե Հրայր Թովմասյանը պատրաստվում է ունենալ պետություն, որտեղ չեն լինելու փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք, թող պատասխանատվությունը վերցնի իր վրա: Եվ եթե այսօր փաստաբանները վճարեն 60.000 դրամ,ապա վաղը կվճարեն 600.000 կամ Դուք լրագրությամբ զբաղվելու համար ստիպված կլինեք վճարել ասենք՝ տարեկան 100 հազար դրամ»,- ասել էր Երվանդ Վարոսյանը:
Մեկնաբանելով Արդարադատության նախարարության՝ օրինագիծը հետ կանչելը Արա Զաքարյանը նկատեց նաև, որ , ըստ ամենայնի, կառավարությունում հասկացել են, որ փաստաբանները չեն զիջելու:










