Տոնական հաղորդումները «ուտուշ-խմուշ» են հիշեցնում. կարծիքներ

10:46 • 11.01.14

Tert.am-ի հետ զրույցում արվեստի ներկայացուցիչները խոսում են հարցի շուրջ, թե Նոր տարուն տոնական հաղորդումները որքանով կարողացան ապահովվել տոնական տրամադրություն։

 

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, թե չի հետևել տոնական հաղորդումներին:

 

«Չեմ էլ հասցրել հետևել, որովհետև հայկական ավանդույթի համաձայն ավելի շատ այցելել եմ բարեկամներիս տուն: Նաև համերգներ ենք ունեցել»,- ասաց Գագիկ Գինոսյանը, ավելացնելով, թե ինքը կուզենար որ տոնական հաղորդումները ոչ թե «ուտուշ-խմուշ»-ի միջոցառումներ հիշեցնեն, այլ ազգային ծեսերին, բարեմաղթանքներին, ազգային ուտեստներին վերադառնալու առաքելություն կրեին:

 

«Ի վերջո, պետք է հասկանալ, որ այս տոնը ոչ թե խոզի բդի կամ կոկորդիլոսի տակ ճկռելու սեղանով է պայմանավորված, այլ սեղանը առատ է լինում, որպեսզի տարին առատ լինի»,-ասաց Գագիկ Գինոսյանը:

 

«32 ատամ» ակումբի անդամ Վահագն Գրիգորյանն ասաց, որ խորապես չի նայել, թե որ հեռուստաընկերությունն ինչ է ցուցադրել, ուղղակի հետևել է, թե ով ինչ է առաջարկում։

 

«Բոլորի մոտ էլ հետաքրքիր մտքեր կային, բայց կատարյալ չէին: Ես հասկանում եմ, որ ամանորյա հաղորդումների նախապատրաստման աշխատանքներն սկսում են հենց դեկտեմբերի 28-ին: Երկու օրվա ընթացքում բոլոր հեռուստաընկերություններն ուզում են շատ որակյալ հաղորդումներ ներկայացնել, որը, ցավոք, մինչ այժմ չի ստացվել և չի ստացվի»,– ասաց նա:

 

Վահագն Գրիգորյանը բոլոր հեռուստաընկերություններին կոչ արեց ամանորյա հաղորդումները փորձել նկարել դեռևս օգոստոս ամսին: Գուցե այդ ժամանակ, ըստ նրա, ամանորին կունենանք հետաքրքիր, բովանդակալից եթեր:


«Թե չէ բոլորի մոտ մտքեր կան, բայց դրանք թերի են, տեղ չհասած: Հայկական տարբերակն է գործում՝ արագ՝ շըփ-թըփ, հետևաբար, մենք էլ 31-ի երեկոյան շըփ-թըփ հաղորդումներ ենք դիտում»,- եզրափակեց Վահագն Գրիգորյանը:

 

Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանին, ինչպես միշտ, տոնական հաղորդումները չեն գոհացրել:

 

Չմասնավորեցնելով որևէ հեռուստաընկերության, Արա Երնջակյանն ասաց, թե, ընդհանուր առմամբ նողկալի վիճակ է. «Դա ինձ համար հայտնություն չէր»:

 

Դերասան Գուժ Մանուկյանն էլ ասաց, թե հայկական հեռուստաեթերին գրեթե չի հետևում, հետևաբար չի կարող ասել, թե դրանց որակն ինչպիսինն է:

 

«Ես ավելի շատ ռուսական ալիքների հաղորդումներն եմ նայում: Իսկ ինչ վերաբերում է հայկական ալիքներին, ապա միայն լուրերն եմ նայում, և մեկ էլ իմ աշխատանքին եմ հետևում, այսինքն՝ հեռուստասերիալին, որտեղ ես նկարահանվում եմ»,- ասաց նա։

 

«Իհարկե՛, հետաքրքիր հաղորդումներ կան, բայց ո՛չ բոլոր հեռուստաընկերությունների եթերներում»,– ավելացրեց Գուժ Մանուկյանը: