Լևոն Խեչոյանը մահվանից առաջ հասցրել է տեսնել իր նոր հրատարակվելիք «Մհերի դռան գիրքը»
Արձակագիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գրքի» առաջին ընթերցողը նրա կինն է եղել, երկրորդը՝ «Անտարես» հրատակչական տան գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմելով նոր գրքի մասին` «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Արքմենիկի փայլող աչքերը երբ տեսա, հասկացա, թե պատմավեպի բնագավառում ինչ նոր արժեքի մասին է խոսքը»:
«Պարոն Խեչոյանը «Արշակ արքան» հրատարակելուց առաջ («Արշակ արքա Դրաստամատ ներքինի» վեպը–խմբ.) եկավ մեզ մոտ, շատ հավանեց այն գործը, որ արվում էր: Գիտենք, որ ինքը քիչ արտահայտվող մարդ էր, նրա ամեն մի խոսքը ոսկու կշիռ ուներ,-ասաց Արմեն Մարտիրոսյանը,–շատ կարճ խոսեց, ասաց, որ շատ կարևոր գործ ենք անում: Ցանկացած հրատարակչի համար այդ խոսքերը թև ու թիկունք են: Հրատարակչական բնույթի մի քանի խորհուրդ էլ տվեց»:
Ինչ վերաբերում է նոր գրքի հրատարակմանը, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք անընդհատ տեղեկացնում էին նրան աշխատանքների ընթացքի մասին, որի անունը դեռ որոշված չէր՝ «Սասունցի Դավիթ» կամ «Փոքր Մհեր»:
«Իսկ հետո շատ սկսեց շրջանառվել յուրահատուկ մի անվանում՝ «Մհերի դռան գիրքը,-նշեց Արմեն Մարտիրսյանը,–սկսեցինք միջոցներ հայթայթել, որպեսզի հրատարակենք գիրքը. այն շատ թանկ գիրք է բոլոր առումներով»։
«Անտարես» հրատարակչատան տնօրենը պատմեց նաև, որ համապատասխան մարմիններին դիմելուց հետո պետությունը ևս որոշ չափով աջակցել է գրքի հրատարակմանը։
«Գրքի խմբագիրը Հակոբ Մովսեսն է: Նա Աղվան Վարդանյանի հետ պարբերաբար այցելում էր պարոն Խեչոյանին: Դեկտեմբերի 30-ին Արքմենիկ Նիկողոսյանի հետ մենք էլ այցելեցինք նրան, հիմնականում գրքի մասին էինք խոսում: Հարցրեցի՝ պարո՛ն Խեչոյան, իսկ ի՞նչ գույնի է Ձեր գրականությունը, Արքմենիկն ասաց՝ կարմիր: Ինքն էլ հաստատեց, թե՝ ճիշտ է ասում: Ես ուզում էի, որ այս գրքի արտաքին տեսքը, թուղթը, նյութերը, բառը, շարվածքը, տառերի, տողերի միջև հեռավորություններն արտահայտեին այն, ինչ Լևոն Խեչոյանն էր զգում իր գրականության նկատմամբ: Ես ուզում էի, որ մենք կարողանանք հասնել հրատարակիչ-գրող ներդաշնակությանը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Վարպե՛տ, պինդ մնացեք»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը: Նա էլ թե՝ իհարկե՛, պինդ եմ:
«Արքմենիկի հետ հասկացանք, որ պետք է շատ շտապ պատրաստել այդ գիրքը: Թեև բժիշկներն ասում էին, որ նա դեռ մի ամիս կապրի, բայց չգիտեմ` ինչը մեզ ստիպեց, դեկտեմբերի 30-ին որոշում ընդունեցինք և ամբողջ թիմով աշխատեցինք ու դեկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 7-ին, գիրքը պատրաստ էր»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հետո իրենք խնդրել են, որ Հակոբ Մովսեսն ու Աղվան Վարդանյանը գիրքը ցույց տան Լևոն Խեչոյանին:
«Ասում են, որ գրեթե մեկ ամիս էր` նա գիշերները չէր կարողանում քնել, իսկ գիրքը տեսնելուց հետո սկսել է քնել»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:










