Վազգեն Մանուկյանը Նախագահի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրները
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված` հանրությանը հուզող խնդիրները և կներկայացնի առաջարկներ։ Tert.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը դժվարացավ հայտնել, թե հանդիպումը երբ տեղի կունենա։
«Դեռ չենք պայմանավորվել հանդիպման մասին, բայց մենք պարբերաբար հանդիպում ենք, և առաջին իսկ հանդիպման ժամանակ անպայման անդրադառնալու ենք այդ հարցին, որովհետև կարծում եմ` այն շատ կարևոր է հասարակության համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մեր դիտարկմանը, թե շուրջ մեկ ամիս առաջ խորհուրդը դիմել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին` հարցի շուրջ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հորդորով, արդյո՞ք որևէ պատասխան ստացել են, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Մեր հարաբերություններն ի պաշտոնե այնպիսին չեն, որ մենք դիմում ենք ուղարկում, պետք է պատասխան ստանանք. մենք ուղղակի առաջարկություն ենք արել»։
Հարցին, թե իր կարծիքով` ինչու՞ իրենց առաջարկությանն ընթացք չի տրվում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց` գուցե պատճառն այն է, որ մի քանի տարվա քննարկումների արդյունքում է մշակվել համակարգը, և այսօր դժվար է այն փոփոխել։
«Ես մոդելին դեմ չեմ, բայց այն կարելի էր բարելավել ու մատչելի դարձնել մեր հասարակության համար»,-ասաց նա։










