ԵԱՀԿ-ն կոչ է արել փակել Գուանտանամոյի բանտը
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Յանես Լենարչիչն ուրբաթ կոչ է արել ԱՄՆ իշխանություններին փակել Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտը, գրում է ria.ru-ն:
«Չնայած Միացյալ Նահանգների իշխանությունների բազմիցս տված խոստումներին՝ փակել այդ բանտը, այն շարունակում է գործել՝ նշելով հերթական տարեդարձը: Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել երաշխավորել մարդու հիմնարար իրավունքներն ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում՝ արդար դատավարության իրավունքը, և արգելել կամայական ձերբակալությունները: Այդ պարտավորությանը հետևելու շարունակական անհնարինությունը նախագահ Բարաք Օբաման ինքն անվանել է Ամերիկայի հեղինակության վրա բիծ»,- հայտարարել է նա:
Լենարչիչի կարծիքով՝ Գուանտանամոյի կալանավորները պետք է անմիջապես կանգնեն դատարանի առաջ՝ արդարադատության միջազգային չափանիշներին համապատասխան, կամ էլ ազատ արձակվեն:
ԵԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում գրասենյակը զբաղվում է Գուանտանամոյում մարդու իրավունքների պահպանման մասին զեկույցի պատրաստմամբ, որը, ինչպես ակնկալվում է, կհրապարակվի այս տարվա ընթացքում:










