Ռաֆայելի «Մադոննա» կտավի կրկնօրինակը պատկանում է նկարչի վրձնին. իսպանացի արվեստաբան
Գրանադայի համալսարանից իսպանացի հետազոտող, գեղեցիկ արվեստների ֆակուլտետի դասախոս Լուիս Ռոդրիգո Ռոդրիգես Սիմոնը վստահեցնում է, որ այսպես կոչված «Փոքր Մադոննան Ֆոլինյոյից» կտավը, որը համարվում է Վատիկանում գտնվող կտավի կրկնօրինակը, նույնպես պատկանում է Ռաֆայելի վրձնին, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսպանական El Pais պարբերականը։
16-րդ դարի հայտնի նկարչի կտավում փոքրացված չափերով կրկնվում է Վատիկանում պահվող «Մադոննան Ֆոլինյոյից» ստեղծագործությունը։ Երեք տարի այս աշխատանքը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո արվեստաբանը եկել է եզրահանգման, որ այն ստեղծել է անձամբ Ռաֆայել Սանտին։
«Փոքր Մադոննան» Կորդովայում է հայտնվել Ֆրանսիայից՝ 19-րդ դարի վերջին։ Ռոդրիգես Սիմոնը պարզել է, որ դրանից առաջ նկարը փայտից փոխանցվել է կտավի վրա։ Այդ միջոցը հենց այդ ժամանակ հաճախ էին կիրառում ֆրանսիացի վերականգնող մասնագետները։
Իսպանացի հետազոտողը ենթադրում է, որ իր ձեռքում է հայտնվել հեղինակային օրինակ կամ ապագա առավել խոշոր կտավի նախնական տարբերակը։ Այս կապակցությամբ պարբերականը մեջբերում է Վերածննդի դարաշրջանի կերպարվեստի մի փորձագետի կարծիք՝ հիշեցնելով, որ Ռաֆայելը երբեք չէր կրկնում իր թեմաները և չէր անում իր կտավների կրկնօրինակը։










