Արտախորհրդարանական ուժերը հունվարի 18-ի հանրահավաքի մասնակցության հրավեր չեն ստացել

14:04 • 11.01.14

Tert.am-ը զրուցել է արտախորհրդարանական մի քանի ուժերի հետ, որպեսզի պարզի, թե կմասնակցե՞ն խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 ուժերի` (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգության») հունվարի 18-ին հրավիրած հանրահավաքին:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ շատ հնարավոր է իրենց համագործակցությունը, հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հետ կապված: «Դա նույն մեր դիրքորոշումն է, հետևաբար, ոչ մի խնդիր չի լինելու մասնակցության հարցում»,-ասաց նա։

 

«Մենք մոտ օրերս նախագահության նիստ կհրավիրենք և կորոշենք: Ասում եմ՝ շատ հնարավոր է, քանի որ նախագահության նիստ լինելուց հետո ամեն ինչ պարզ կլինի, բայց 99 տոկոսով կմիանանք այդ հանրահավաքին»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ խորհրդարանական 4 ուժեր՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» համատեղ խորհրդակցություն էին անցկացրել և որոշել, որ հունվարի 18-ին ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հանրահավաք են անելու:

 

Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ասաց, որ իրենք այդ հանրահավաքին մասնակցության հրավեր չեն ստացել, հետևաբար չեն էլ մասնակցելու:

 


«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ևս ասաց, որ իրենք ո՛չ հրապարակային, ո՛չ էլ ուղղակի հրավեր չեն ստացել:

 

«Այսօրվա գերխնդիրը Մաքսային միությունն է՝ մեր բռնի անդամակցումը նոր Սովետական Միությանը, երեք դիկտատորների դաշինքին: Ոմանց տեսանկյունով՝ այլ հարցեր նույնպես կարող են լինել կարևոր կամ շատ կարևոր: Ես՝ որպես ճանապարհ անցած մարդ, կարող եմ որոշ հարցերում համագործակցության եզրեր փնտրել: Ավելի կոնկրետ պատասխան այս պահին ես չեմ կարող տալ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 


Նա նաև ավելացրեց, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու խնդիրը կարևոր հարց է համարում, և ըստ նրա, դրա կամավորության վրա թողնելն ավելի ճիշտ կլիներ:

 

Նախախորհրդարանի համակարգող անդամ Գարեգին Չուգասզյանը հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին մասնակցություն ունենալու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ այս հարցի կապակցությամբ Նախախորհրդարանում դեռևս քննարկում չի եղել: