«Երիտասարդների արդարադատություն»-ը կներառվի նոր Քրեական օրենսգրքում և կտարածվի մոտ 20 ցմահ դատապարտվածների վրա
Այսպես կոչված՝ «երիտասարդների արդարադատություն» հասկացությունը կներառվի իրավաբաններից բաղկացած աշխատանքային խմբի կողմից մշակվող նոր Քրեական օրենսգրքում, որը նախատեսված է ընդունել 2016 թվականին՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակում. այն է՝ մինչև 21 տարեկանը հանցագործություն կատարածները չեն դատապարտվի ցմահ ազատազրկման:
Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց աշխատանքային խմբի անդամ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի մասնագետ Արա Գաբուզյանը:
«Նախատեսվում է մինչև 21 տարեկանների համար ցմահ ազատազրկում չնախատեսել և դա, բնականաբար, կունենա հետադարձ ուժ՝ որպես մեղմացուցիչ հանգամանք»,- ասաց Արա Գաբուզյանը:
Սա նշանակում է, որ նոր օրենսգիրքը կտարածվի մինչև 21 տարեկանը գործած հանցագործությունների համար մոտ երկու տասնյակ ցմահ դատապարտվածների վրա։
«Բնականաբար, ավտոմատ վերանայվելու են գործերը, և սա ենթադրում է, որ իրենց պատիժը պետք է համապատասխանեցվի նոր Քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետներին»,- նշեց իրավագետը:
Ցմահ դատապարտման խնդիրը Հայաստանում արդեն 22 տարվա պատմություն ունի:
Հիշեցնենք, որ մի շարք իրավապաշտպաններ, «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանը տարիներ շարունակ զբաղված են ցմահ դատապարտման համար տարիքային շեմը մինչև 21 տարեկանը բարձրացնելու լոբբինգով, սակայն սառույցը դեռ չի կոտրվել:
Եվրոպական մի շարք երկրներում (Շվեդիա, Գերմանիա, Բելգիա և այլն) ցմահ ազատազրկումը մինչև 21 տարեկանների նկատմամբ ոչ միայն չի կիրառվում, այլև նրանց դատապարտում են անչափահասներին բնորոշ նորմերով։
Ներկայումս, ըստ Զարուհի Մեժլումյանի, նման ցմահ դատապարտվածները 21 են, որոնցից 14-ն իրենց վերագրվող հանցագործությունը կատարել են զինվորական ծառայության ժամանակ:
«Երեք տարի առաջ իրավական ժուռնալիստիկայով սկսեցի զբաղվել և տեսանք, որ սարսափելի իրավախախտումներ կան։ Հին քրեական գործերի վերաբացման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել եմ իմ հոդվածներում, որ անհրաժեշտ է անհատական վերանայում, սակայն և քար անտարբերություն, որևէ գործ չուսումնասիրվեց»,-նշեց Զարուհի Մեժլումյանը:
Նա իր անհատական նախաձեռնությամբ դատարաններում ուսումնասիրել է այդ գործերը, որից տպավորություն է ստացել, որ քարե դար է եղել:
«Օրինակ՝ ցմահ դատապարտելով՝ որպես փորձաքննություն կատարվել է միայն դիակի դատակենսաբանական փորձաքննություն, իրեղեն ապացույցների փորձաքննություններ չկան: Օրինակ՝ երկկողմանի ծնողազուրկ Ցոլակ Պողոսյանի գործով, 2003 թվականի քրեական գործ եմ ասում, իրեն մեղադրել են մեկ զինվորի սպանության մեջ՝ իբր, կախել է տանիքից, բայց առկա է միայն դիակի դատաբժշկական փորձաքննությունը, ո՛չ մատնահետքաբանական, ո՛չ կենսաբանական փորձաքննություն չկա, իբրև ապացույց ներգրավված չէ սպանված տղայի հագուստը, թեև բոլոր լուսանկարներում առկա է, որ նա հագուստներով է եղել: Բայց երբ դատական բժիշկն ասում է, որ դիակը ստացել են մերկ վիճակում, ու՞ր են կորել են այդ հագուստները: Նույնը եղել է նաև Արթուր Մկրտչյանի գործով, ով ևս 19 տարվա ազատազրկման է դատապարտված»,- ներկայացրեց լրագրողը:
Զարուհի Մեժլումյանը հավելեց, որ բախվում են մի մեծ պատի նաև այն պատճառով, որ իրեղեն ապացույցները պահպանված չեն. բոլոր դատավճիռների վերջում կարդում է նույն նախադասությունը, որ դրանք պետք է ոչնչացվեն։
«Սա մի մեծ խոչընդոտ է, որով չես կարող առաջ գնալ. Ինչպե՞ս պետք է վերաբացվեն այդ գործերը: Միակ հիմքը միայն նոր երևան եկած հանգամանքն է»,- ներկայացրեց Զարուհի Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ դատական սխալի հավանականությունն ընդունում են անգամ ամենակատարելագործված իրավական համակարգ ունեցող երկրները: Իսկ Հայաստանի նման երկրում, որտեղ անգամ իշխանություններն են խոսում դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին, ավելորդ է խոսել, թե նման դատական սխալները քանի տոկոս կարող են կազմել:
Օրինակ՝ Innocence Project կազմակերպությունը, որը հիմնվելով այն դատապարտյալների նամակների վրա, ովքեր բարձրաձայնել են դատական հնարավոր սխալների մասին՝ հասել է նրան, որ ԴՆԹ թեսթերի կիրառմամբ, իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ, նաև գործերի վերաբացման միջոցով բազմաթիվ ցմահ ազատազրկվածների գործերի վերանայվել են:
Միայն Մեծ Բրիտանիայում վերջին 3 տարիներին ավելի քան 300 ցմահ ու երկարատև ազատազրկման դատապարտված մարդիկ արդարացման դատավճռով վերագտել են իրենց ազատությունը: Նրանցից 75 տոկոսի գործերով դատավճիռները կայացվել են բացառապես վկաների ցուցմունքների հիման վրա:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով, հասարակությունը, որն անտարբեր է ազատազրկվածների նկատմամբ, առավել ևս կանխակալ վերաբերմունք ունի ցմահ ազատազրկվածների նկատմամբ:
««Ցմահ ազատարզկված» ասելով՝ մտածում են, թե ինչ սարսափելի հանցագործություն են կատարել, կարծես մոռանալով, թե մենք ինչ դատական համակարգ ունենք»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Ավետիք Իշխանյանը:
Նա, ինչպես և այլ իրավապաշտպաններ անհրաժեշտ են համարում նաև, որպեսզի մեկ հոգու սպանության համար անձը ցմահ ազատազրկման չդատապարտվի: Այս մասին մի շարք իրավապաշտպաններ և Մարդու իրավունքների պաշտպանը հանդես են եկել ԱԺ խմբակցություններին ուղղված առաջարկներով:
Արա Գաբուզյանը իրավական տեխնիկայի կիրառման տեսանկյունից այս առաջարկը անհնար է համարում՝ նշելով. «Պատկերացնում ե՞ք մեկ անձի սպանությունը առանձնակի դաժանությամբ, օրինակ՝ կենդանի-կենդանի կտրատելով. դրա համար ցմահ չնախատեսե՞նք»:
Այլ բան է, ըստ Արա Գաբուզյանի, որ նոր Քրեական օրենսգրքում հստակ չափանիշներ նախատեսվեն, որպեսզի նեղացվեն դատարանների սուբյեկտիվ հայեցողության շրջանակները՝ ցմահ ազատազրկում նշանակելու հարցում:










