Եթե կորցնենք ավանդականը, չենք կարող մեր գենետիկ կոդը պահպանել. Հին նոր տարին՝ Լուսիկ Ագուլեցու ներկայացմամբ
Մարդու մոտ որքան շատ է ազգայինը, այնքան պետականությունը խորն է լինում։ Եթե մենք ունենք հին մշակույթ, պարտադիր չեն անունները, պարտադիր է կատարման ոճը, ձևերը, և շատ կարևոր է իմացությունը և դրա փոխանցումը սերունդներին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին՝ ներկայացնելով Հին ու Նոր տարիների և, առհասարակ, ավանդական տոների շուրջ իր ըմբռնումները. «Հիմա, եթե մենք կորցնենք այդ ավանդականը, չենք կարող մեր գենետիկ կոդը պահպանել»:
Նշենք, որ նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ Հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ` 11-ը։ Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 16-20-րդ դարերի ընթացքում Հուլյան՝ հին և Գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր։
Լուսիկ Ագուլեցու կարծիքով՝ Հին նոր տարվա հաշվարկը տարվա ավելցուկ է 13 օր և կարելի է հաջորդող մնացած տոները 13 օր ուշ անել:
«Հին հայերը տոնել են Նավասարդ, և դեկտեմբեր, օգոստոս, սեպտեմբեր ամիսները եղել են Նավասարդ ամիսներ: Բերքի հավաքի տոնը նույնպես համարվել է Նավասարդ: Իսկ խորհրդանիշը նոր կյանքն է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հայերը Նոր տարին այսօր նշում են 13 օր, այդ ընթացքում տոնում են երեք տոն՝ Ամանորը, Սուրբ ծնունդը և Ջրօրհնեքը:
Խոսելով տոնի մասին՝ նա ներկայացրեց. «Հին նոր տարին ավանդական հասել է մեզ մոտ, բայց արդեն ոչ բոլորն են նշում, դա արդեն ո՛չ կրոնական, ո՛չ էլ պետական տոն է, ուղղակի ավանդաբար ժողովուրդը պահպանել է և մնացել է որպես Հին նոր տարի: Այդպես են ասում, որովհետև ծիսակատարությունները Հին Նոր տարվա՝ Նավասարդի նման են: Հիմա մենք նույնը կարող ենք անել ամսի 13-ին, եթե ցանկանում ենք, որ այդ ավանդույթը մնա, բայց հետո պետք է մյուս տոներն էլ 13 օր ուշ նշել»:
Լուսիկ Ագուլեցին նաև կարծիք հայտնեց, որ իրականում հայերը պետք է ընդունեն հայկական տոմարը, որը ստեղծվեց 1779թ.-ին Սիմեոն Երևանցու կողմից, ում կոնդակով Նոր տարին պետք է սկսի հունվարի 6-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդով, որը հայկական, իսկական Նոր տարին է:
Ինչ վերաբերում է Նավասարդին, ապա ազգագրագետը նշեց, որ դա ձևով են նշել, եղել են ավետիսներ, գոտեկախ են արել, հաց թխելու ծես է եղել և այլ ծեսեր, որոնք այսօր չեն արվում. «Մենք նաև 18 խնձորի ծես ունենք, որոնք այսօր աղավաղում են: Բայց կան բաներ, որոնք պետք է մեր ժողովրդին դեռ սովորեցնել»:
Ինքն անձամբ տարին նշում է այնպես, ինչպես ժողովուրդը՝ պահպանելով որոշ ավանդույթներ: «Ես երեք ծառ եմ պատրաստում, մեկը հին Նավասարդյան, մեկը Նոր տարվա, մեկն էլ սուրբծննդյան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ տոներին, առհասարակ, պետք է նաև ստեղծագործաբար մոտենալ:










