Անցյալում մնացած գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են. Է. Շարմազանովը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցների մասին
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին, ասաց, որ քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս պաշտոնաթող նախագահին:
«Քաղակականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»,– ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի վերլուծություններում ապագային ուղղված քայլեր չի տեսնում։ «Անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված գազային պայմանագրին, ԱԺ փոխնախագահն ասաց. «ՀՀԿ-ն վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային և նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում և պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա և դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»։










