Գերմանացիներն Աննա Ֆրանկի մասին ֆիլմ կնկարահանեն
Գերմանացի պրոդյուսեր Օլիվեր Բերբենը մտադիր է ֆիլմ նկարահանել Գերմանիայից հրեա աղջիկ Աննա Ֆրանկի մասին, որը Հիտլերի՝ իշխանության գալուց ի վեր ընտանիքի հետ թաքնվել է Նիդեռլանդներում և վարել հետագայում ամբողջ աշխարհում հայտնի դարձած օրագիրը, գրում է «Deutsche Welle»-ն։
Աղջկա և նրա ընտանիքի ողբերգական ճակատագրի մասին գերմանական ֆիլմ նկարահանելու պլանների մասին հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքը։ Նկարահանումները կսկսվեն ամռանը։
Աննա Ֆրանկի ընտանիքը Գերմանիայից փախել է 1933-ին, և երբ գերմանական զորքերը շրջափակել են Նիդեռլանդները, թաքնվել է Ամստերդամի տներից մեկի թաքստոցում։ Գեստապոյի կարգադրությամբ տանն անցկացվել է խուզարկություն, հայտնաբերվել է գաղտնի թաքստոցը, և այնտեղ թաքնվող երկու հրեա ընտանիքների բոլոր անդամներն ուղարկվել են համակենտրոնացման ճամբարներ։ Աննա Ֆրանկը մահացել է Բերգեն Բելզեն ճամբարում 1945թ. գարնանը՝ 15 տարեկանում։
Ֆրանկի մասին գերմանական ֆիլմը կներկայացնի 1939-1944թթ., սակայն ցույց չի տա համակենտրոնացման ճամբարը և աղջկա մահը։ «Մենք գիտենք, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է կրկին ցուցադրել»,- ասել է պրոդյուսեր Բերբենը։










