Ինչի կարող է հանգեցնել Ռ. Քոչարյան-Տ. Սարգսյան բանավեճը. կարծիքներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակադարձելով վարչապետ Տիգրան Սարգսյանի վերլուծությանը, այսօր 2-rd.am կայքին տված հարցազրույցում ասել էր, թե բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չի պատրաստվում: «Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչի՞ կարող է հանգեցնել այս բանավեճը. Tert.am-ն այս հարցն ուղղեց իշխանական ու իրեն այլընտրանք ներկայացնող ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև անդրադարձավ ոչ իշխանական ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին, ասաց, որ չի կարող ասել, թե այս երկխոսությունն ինչի կբերի. «Բայց մի բան ակնհայտ է, որ հնչեցված գնահատականների մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ թվում նաև ես՝ ԱԺ ամբիոնից և՛ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, և՛ գազային այդ խայտառակ համաձայնագրի մասին»:
Նա նաև ասաց, թե շատ ուրախ է, որ երկրորդ նախագահը հանգամանալից անդրադարձել է գազային համաձայնագրին և կուտակային կենսաթոշակային համակարգին, որոնք այսօր ամենակարևորագույն հարցերից են: «Իհարկե՛, կիսում եմ այդ բոլոր դրույթները կետ առ կետ, բայց նաև կուզենայի ավելացնել, որ սա վկայում է այն բանի մասին, որ երկրորդ նախագահն առավել ակտիվ է արձագանքում ներքաղաքական իրադարձություններին: Սա ողջունելի է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով. «Կարծում եմ, որ երկրորդ նախագահը շատ հստակ ձևակերպել է վարչապետի պատասխանների ու իր բանավեճի մասին, թե վարչապետն ավելի լավ է լռի: Այնպես որ՝ կիսում եմ այդ տեսակետը, որ վարչապետն ավելի լավ է լռի»:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, համամիտ չէ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, թե վարչապետը լավ կաներ, որ լռեր և չներկայացներ իր վերլուծությունները։ «Ես այդ կարծիքին չեմ»,- ասաց նա, ապա հավելեց. «Չեմ կարծում, որ Քոչարյանը ներքին միտումներ ունի, նա ասում է այն, ինչ մտածում է»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն էլ նույն հարցազրույցի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե կողմնակից է պրոֆեսիոնալ և քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել ևս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: «Այս դեպքում, հատկապես՝ ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից»,- գրել է Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորի համոզմամբ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում և լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: «Այլ խոսքով՝ պարոն Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարևորագույն խնդիրների հարցում»,- գրել է «Ժառանգություն» խմբակցության անդամը:
«Չեմ կարծում, որ որևէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի Կառավարության մեջ: Անշուշտ, Կառավարությունը ստեղծված իրավիճակի կարևոր պատասխանատուներից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, Կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պարոն Տ. Սարգսյանին և ամբողջ Կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ՝ հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորված այս հակահամակարգային պայմաններում, անհնար է որևէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից, թե ով է վարչապետը, կամ ովքեր են Կառավարության անդամները: Խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը»,- նշել է Ռուբեն Հակոբյանը:










