Չինացիները 2016թ. կներկայացնեն «Տիտանիկի» կրկնօրինակը
Չինական Սիչուան նահանգի զվարճանքների վայրերից մեկում կհայտնվի տխրահռչակ «Տիտանիկ» նավի կրկնօրինակը, որի կառուցումը կավարտվի 2016թ., հայտնում է Лента-ն։
Reuters-ի տվյալներով՝ նախագիծը գնահատվել է 165 մլն դոլար։ Հայտնի է, որ «Տիտանիկի» ներսում կլինի թեմատիկ թանգարան՝ նվիրված նավի ստեղծման աշխատանքներին ու դրա ողբերգական կործանմանը։ Բացի այդ, նավում հնարավոր կլինի դիտել 1997թ. Ջեյմս Քեմերոնի նկարահանած համանուն ֆիլմը։
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այցելուները կկարողանան հատուկ ձայնային ու լուսային էֆեկտների շնորհիվ վերապրել նավի ու այսբերգի ճակատագրական բախումը։
«Երբ նավը «բախվի» այսբերգին, այն կսկսի օրորվել ու «իջնել» ջրի հատակը։ Մենք հնարավորություն կտանք մարդկանց զգալ տեղի ունեցած ողբերգության մթնոլորտը»,-նշել է նախագծի իրականացման համար պատասխանատուն։










