Դատարանը որոշել է դռնփակ անցկացնել Վարդան Պետրոսյանի դատավարությունը. փաստաբանը դա ապօրինություն է որակում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստում:
Դերասանի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում սա բացահայտ օրենքի խախտում համարեց:
«Քրեական դատավարությունը սահմանում է այն դեպքերը, որոնց ժամանակ քրեական գործը կարող է քննվել դռնփակ: Ինչու՞ է օրենքը հստակ սահմանում այդ դեպքերը, որովհետև դա մարդու բացառիկ իրավունքն է՝ իր գործը դռնբաց քննելու: Իսկ այդ դեպքերը սահմանվում են, որպեսզի զերծ պահեն դատավորների, պետական մարմինների կողմից չարաշահումներ թույլ տալը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչու՞ դատարանը նման որոշում կայացրեց, Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ ինքը կարող է միայն ենթադրություն անել:
«Ես ստույգ ապացույցներ չունեմ, բայց ենթադրում եմ, որ քրեական գործով Վարդան Պետրոսյանին ձերբակալել են, գործը հասել է դատարան, հասկացել են, որ անօրինական են ձերբակալել, հիմա չեն ուզում, որ հանրությունը իրազեկված լինի, որ անօրինական են ձերբակալել: Բացարձակ կամայականություն էր»,-հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը:










