Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն է, ով այդպես սքողված ճանապարհով թատերաբեմ չի գալիս. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությունը քաղաքականություն վերադառնալու քայլ չի համարում և գտնում է, որ դրա մասին խոսակցությունները բամբասանքներ են:
«Եթե նա ինչ-որ մտքեր ունենա իր առաջիկա պլանների մասին, կարծում եմ՝ նա այն նախագահն է, որ այդպես սքողված ճանապարհներով թատերաբեմ չի գալիս: Նա հստակ կասի իր տեսակետը, երբ նման խնդիր առաջանա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է «Գազային» համաձայնագրերի, պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի, ինչպես նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին երկրորդ նախագահի՝ այսօր արված դիտարկումներին, Գալուստ Սահակյանը դրանք համարեց մտահոգություն, որը հատուկ է յուրաքանչյուր հայի։
Պարտադիր կուտակային մասով Գալուստ Սահակյանն ասաց. «Նորից կարծիք է, նախ այդ խնդիրն առաջացել է շատ վաղուց. արդեն 1992-93 թվականներին դա քննարկվել է, այնպես չէ, որ դա հաթաթա եղավ։ Առավել ևս՝ ժամանակավրեպ է այդ մասին խոսել, որովհետև օրենքն ընդունվել է և որևէ նման արձագանք չի եղել: Իսկ կարծիքներ կարող են լինել, բայց նաև կան քաղաքական թիմեր, որոնք այդ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում, պետությունը նաև պետք է ռիսկային գործողություններ անի՝ համոզում ունենալով, որ դրա արդյունքները մեծ են լինելու: Մենք այդ համոզումն ունենք»:
Իսկ թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն ի հայտ եկել հենց այս փուլում, ՀՀԿ–ականն ընդգծեց, որ վերջինս հայրենասեր նախագահ է եղել, բավականին լուրջ կենսագրություն ունի և մտահոգ է իր երկրի, իր պետության համար. «Տրամաբանորեն ինքն էլ կարող է մեկ այլ կարծիք ունենալ, քան ունի այս պահին մեծամասնությունը»:
Դիտարկմանը, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն ավելի՞ մտահոգ է, քան ներկա իշխանությունները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա համեմատականի խնդիր չէ, խնդիրը նա է, որ այն քաղաքական թիմը, որը վճռական է, որը պատասխանատվություն է վերցնում, պիտի հարգել այդ թիմին: Միևնույն ժամանակ պիտի հարգել նրանց, ովքեր մտահոգ են, որ արդյունքները չեն լինի այնպես, ինչպես մենք ենք ենթադրում: Միևնույն ժամանակ լուրջ հակասություններ չեմ տեսնում, շատ լավ է, որ քննարկվում է, նաև հասարակության հսկողության տակ է հայտնվում խնդիրը»:
Հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի շուրջ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները ևս Գալուստ Սահակյանը որակեց միայն որպես կարծիք՝ ասելով, թե այդ մտահոգություններն իրենք էլ ունեն, բայց նաև իրենք դրա պատասխանատվությունը վերցնում են, իսկ կարևորը դա է:










