Քերին բանակցություններից առաջ Լավրովին 2 կարտոֆիլ է նվիրել
Փարիզում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը։
Բանակցություններն սկսվել են փակ դռների հետևում, իսկ ավելի ուշ նրանց է միացել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, հայտնում է rus.ruvr.ru-ն։
Սկզբում լրագրողները հրավիրվել են արարողակարգային մասին, նախարարները ժպտացել են, միմյանց ձեռք սեղմել, ինչից հետո պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին և խնդրել է հեռանալ։
Սակայն անսպասելիորեն լրագրողներին կրկին ներս են հրավիրել՝ զրույցի սկիզբը դարձյալ նկարելու համար։
«Մենք մի քանի շաբաթ առաջ հեռախոսով խոսել էինք նախարար Լավրովի հետ և քննարկել Սիրիայի հարցը»,-ասել է Քերին։
Ապա պետքարտուղարը մեծ, սպիտակ ստվարաթղթե տուփից հանել է երկու կարտոֆիլ և նվիրել ռուս նախարարին, ինչը ծիծաղ է առաջացրել երկու պատվիրակությունների կազմում։
Կարտոֆիլը ծագումով Այդահո նահանգից է, որտեղ պետքարտուղարը վերջերս է եղել։
Հեռախոսային զրույցի ընթացքում, որի մասին հիշատակել է Քերին, նախարարները կատակով քննարկել էին Այդահո նահանգի կարտոֆիլի հարցը։
Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին Լախդար Բրահիմիի հետ մտադիր են քննարկել միջազգային «Ժնև-2» խորհրդաժողովի հարցը։ Հնարավոր է, որ բանակցություններին նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը մասնակցի։
Այն նախատեսվում է անցկացնել հունվարի 22-ին։










