Կայլի Մինոուգը հայտարարել է իր նոր ալբոմի մասին
Երգչուհի Կայլի Մինոուգը նոր ալբոմ կթողարկի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Gigwise-ին: Ալբոմի թողարկման ճշգրիտ ամսաթիվն ու անվանումը դեռևս հայտնի չեն, սակայն երգչուհին հայտնել է, թե ինչպես կկոչվի առաջին երգը, որը կներառվի ալբոմում՝ «Into the Blue»: Երգը կթողարկվի 2014 թվականի մարտի 16-ին, ալբոմը՝ ավելի ուշ:
«Into the Blue» երգը գրել է Քելի Շիենը, որը համագործակցել է նաև Նիկի Մինաժի և Բեյոնսեի հետ: Ալբոմի ձայնագրմանը կմասնակցեն երաժիշտներ և պրոդյուսերներ Ֆարել Ուիլյամսը, Գրեգ Կարստինը, Արիել Ռեխտեշեյդը և MNEK-ը: Ալբոմը, հավանաբար, կթողարկվի Ջեյ Զիին պատկանող Roc Nation ձայնագրման ընկերությունում, որի հետ երգչուհին 2013 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել:
Նոր ալբոմը երգչուհու համար տասներկուերորդը կլինի:
2013 թվականի հունվարին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մինոուգը մտադիր է թողնել երաժշտական կարիերան և կենտրոնանալ կինեմատոգրաֆում աշխատանքի վրա: Սակայն արդեն նույն տարվա ապրիլին երգչուհին պատմել է, որ պատրաստվում է նոր ալբոմ ձայնագրել:










