Կառավարությունն առաջ հեքիաթներ էր պատմում, հիմա արդեն չի էլ պատմում. առողջապահության նախկին նախարար

20:26 • 13.01.14

Եթե Կառավարությունն առաջ զանազան հեքիաթներ էր պատմում, հիմա արդեն դրանք էլ չի պատմում, քանի որ արդեն անցել են վերընտրվելու ու վերարտադրվելու ժամանակները:


Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ժողովրդագրական վիճակին և ծնելիությանը՝ նման գնահատական հնչեցրեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

 

«Երկրում առկա է արտագաղթ և որպես դրա անմիջական հետևանք՝ ծնելիության ցուցանիշի տարեցտարի անկում, դրա հետևանքով էլ՝ տարիքա-սեռային կազմի փոփոխություն: Այսինքն՝ մեկնողները երիտասարդներն են, աշխատունակ տարիքի մարդիկ, որոնք նաև վերարտադրողական տարիքի են, և այստեղ մնում են երեխաներն ու ծերերը»,–ասաց Մկրտչյանը։

 

Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների՝ 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 122191 քաղաքացի հատել է սահմանային անցակետերը և չի վերադարձել: Անցած տարի չվերադարձածների թիվը կազմել էր 109 հազար 405:


 

Հայաստանում անվճար ծննդօգնության ներդրումը ժամանակին համարվում էր առողջապահության նախարարության լավագույն բարեփոխումներից մեկը, բայց չնայած սրան՝ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանում ծնելիության անկում է նկատվում: Միակ բացառությունը 2009-2010 թթ. էր, երբ գրանցվել է ծնելիության համեմատաբար բարձր ցուցանիշը՝ միջինից շուրջ 3000–ով ավելի ծնունդներ: Եվ այն ժամանակ դա որակվեց որպես baby boom:


Tert.am-ի հետ զրույցում Արարատ Մկրտչյանն այս ցուցանիշը պայմանավորեց Հայաստանում հետպատերազմյան (արցախյան–խմբ.), հետերկրաշարժյան տարիների սերնդի առկայությամբ՝ ասելով. «Երկրաշարժերից, աղետներից, պատերազմներից հետո կտրուկ ավելանում է ծնելիությունը, դա ամբողջ աշխարհում է այդպես, դա պաշտպանական, կենսաբանական ռեակցիա է»

 

Այսինքն՝ 90-ականների սկզբին ծնված սերունդն է շատ եղել, որն էլ հասնելով վերարտադրության տարիքի՝ մեծ թվով երիտասարդ նորաստեղծ ընտանիքներ է կազմել: