Մոսկվայում կկայանա Սերգեյ Փարաջանովի հոբելյանական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Հունվարի 31-ին Մոսկվայի պետական պատկերասրահում կկայանա հայազգի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, հայտնում է vogue.ru կայքը։
Աղբյուրը նշում է, որ Փարաջանովը ոչ միայն հայտնի է որպես հայկական ֆոլկլյորն ու ժամանակակից կինեմատոգրաֆիական միտումները միավորող օրիգինալ ֆիլմերի ռեժիսոր, այլև որպես մի քանի տասնյակ հետաքրքիր կտավներ ու կոլաժներ ստեղծած տաղանդավոր նկարիչ։
Սակայն, նկարչական աշխատանքներից զատ, ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան դիտել Փարաջանովի կինոգլուխգործոցները՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» և այլն։
Բացի այդ, ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն Փարաջանովին առնչվող արվեստի նմուշներ մասնավոր հավաքածուներից ու Երևանի նրա տուն-թանգարանից։
Ցուցահանդեսը կտևի հունվարի 31-ից մինչ մարտի 16-ը։















