Սիրիայում 350-ից ավելի ընդդիմադիր զինյալ հանձնվել է կառավարությանը
Լեռնային Մադաե քաղաքում ավելի քան 350 սիրիացի զինյալ վայր է դրել զենքն ու ընդունել նախագահական համաներումը. քաղաքի բնակիչները երեկ Դամասկոսի կենտրոնում ցույց էին կազմակերպել և իրենց աջակցությունն էին հայտնել Սիրիայի կառավարությանը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, զենքը վայր դրած բոլոր զինյալները եկել են Դամասկոս, որպեսզի հանձնվեն իշխանություններին և ստուգում անցնեն ՆԳՆ-ում։
Մադաեի հաշտությունը դեկտեմբերից ի վեր չորրորդն է, որը տեղի է ունենում իշխանությունների և այսպես կոչված՝ Սիրիայի ազատ բանակի միջև։
Իսկ «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումները, մասնավորապես «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորումը, Սիրիայում մահապատժի են ենթարկել այլ ծայրահեղական կազմակերպությունների 100 ներկայացուցիչների։
Վերջին օրերին իսլամիստները մի շարք բնակավայրեր են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա նահանգում, որտեղ առևանգել էին «Ան-Նուսրայի ճակատ» և «Ախրար աշ-Շամ» խմբավորումների տասնյակ ներկայացուցիչների։ Գերի վերցված բոլոր զինյալները գնդակահարվել են։










