Արևմտյան Վիրջինիա նահանգում ավելի քան 1000 մարդ տուժել է թունավոր նյութերի արտահոսքից

09:27 • 13.01.14

ԱՄՆ Վիրջինիա նահանգում, որտեղ ավելի վաղ քիմիական նյութերի արտահոսք էր տեղի ունեցել, ավելի քան 1000 բնակիչ դիմել է վատ ինքնազգացողության պատճառով, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Տուժածների մոտ ախտանշանները նույնն են. սրտխառնոց, գլխապտույտ, մաշկի կարմրություն։ Մեծ մասին շտապ բուժօգնություն անհրաժեշտ չի եղել, և աշխատակիցները սահմանափակվել են խորհրդատվությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ Արևմտյան Վիրջինիայի առողջապահության վարչության ներկայացուցչին հղումով, նահանգի 169 բնակիչ առաջին բուժօգնություն է ստացել և վերադարձել տուն։ Տասը մարդ հոսպիտալացվել է։

 

Երեկ նահանգապետ Էրլ Ռեյ Թեմբլինը հաղորդել է, որ վարակված ջրի փորձաքննության արդյունքները ցույց են տվել, թե դրա մեծ մասն անվտանգության սահմաններում է, սակայն ջուր օգտագործելու արգելքը վերացնելու հնարավոր ժամկետ չի նշել։