Երևանում ձյունը գրեթե անհնար է դարձրել տեղաշարժը, սակայն արևն ուրախացրել է մարդկանց (լուսանկարներ, տեսանյութ)

10:12 • 14.01.14

Երեկ գիշերը տեղացած առատ ձյունը այսօր Երևանում դժվարացրել էր ինչպես հետիոտնի, այնպես էլ տրանսպորտի երթևեկը. խցանումներ, փողոցի մայթերի և երթևեկելի հատվածին ձյուն և սառույց, սակայն, ընդհանուր առմամբ, մարդկանց ուրախացրել է տեղումներից հետո դուրս եկած արևը: «Վերջապես արև դուրս եկավ»,-մի քանի տարբեր անցորդներ նույն մեկնաբանությունն էին տալիս:

 

Շատ փողոցներում, այդ թվում վաղ առավոտյան՝ Մաշտոցի պողոտայում գետնանցում տանող աստիճանները պատված էին առատ ձնով, և անցորդները «գուշակելով» էին իջնում աստիճաններով, իսկ շատեր գերադասում էին չօգտվել գետնանցումից: Սակայն որոշ ժամանակ անց աստիճաններն արդեն մաքրված էին:

 

Նշենք, որ համատիրությունների աշխատակիցները՝բահերով ու ձնահավաք այլ գործիքներով զինված, մաքրման աշխատանքներին միացան առավոտյան 10–ից հետո միայն: