Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել է իրեն առաջարկված համաներումից
Արդեն երրորդ անգամ վերսկսած գործի նախաքննության ընթացքում հասարակական ակտիվիստ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ստորագրությամբ հրաժարվել է իրեն առաջարկված համաներումից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Արգիշտի Կիվիրյանը, ավելացնելով, որ բացի համաներումից հրաժարվելուց, նաև պահանջել է, որպեսզի իր դեմ ապօրինություններ իրականացրած բոլոր մեղավոր մարդիկ ենթարկվեն պատասխանատվության։
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործը հարուցվել էր Կոմիտաս 5 հասցեում 2013-ի օգոստոսի 24-ին տեղի ունեցած շինարարության դեմ բողոքի ակցիային հետևած միջադեպերի հետևանքով: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Հիշեցնենք նաև, որ երեկ Արգիշտի Կիվիրյանը կրկին հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ առանց որևէ պատճառաբանության։
Արգիշտի Կիվիրյանին ՀՔԾ-ից նաև հայտնել են, որ նրա վրայից հանվել է սուտ մատնության մեղադրանքը (333-րդ հոդված)։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Կիվիրյանը ստել է՝ հայտնելով, որ Կոմիտաս 5-ի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկաններն իր հանդեպ բռնություն էին կիրառել։
«Եթե դու ընդունում ես համաներումը, փաստորեն, ընդունում ես նաև, որ մեղավոր ես, իսկ ես պնդում եմ, որ մեղավոր չեմ, ու ավելին՝ պահանջում եմ, որ բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ ավելացնելով, որ այսօր, ըստ ամենայնի, արդեն չորրորդ անգամ կավարտեն քրեական գործը, և այն կուղարկեն դատարան:










