Ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել. առաջադրանք «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից

10:43 • 14.01.14

Facebook –ի մի քանի օգտատերեր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում գրառում են արել, որում ներկայացնում են Ա. Առնաուդյան, Գ. Բեդիրյան, «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից արված անհասկանալի մաթեմատիկական խնդիր-առաջադրանքները:


Դրանցից մեկում ասվում է.«Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը ուներ 2 ճյուղ, ամեն ճյուղին 2 տատիկ էր նստել, ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:


Կամ՝ «Երբ նորածին Գոռիկին կատուն ճանկռեց, նա 5 րոպե գոռգոռաց, իսկ երբ իշամեղուն կծեց՝ 3 րոպեով ավել: Բայց երբ մայրը սկսեց նրան օճառով լողացնել, Գոռիկը 2 անգամ երկար գոռաց, քան իշամեղվի կծելուց հետո: Մայրիկը գոռիկին 9 րոպե լվանում էր, արդեն լողացած Գոռիկը քանի՞ րոպե էր ճղճղում»:


Մեկ այլ առաջադրանք.«Ընկերները Սոսի մասին այսպիսի խնդիր կազմեցին.«Մի երեկո մեր ընկեր Սոսը մեր ձեռքն ընկավ, և յուրաքանչյուրս 3 անգամ նրա վզակոթին հասցրեցինք: Մեր ընկեր Սոսը ընդամենը 108 անգամ վզակոթին ստացավ: Մենք քանի՞ հոգով էինք»:


Հարցաշարի մեկ այլ խնդիր.«Ավագ եղբայրը 2 կոնֆետ ունի, իսկ փոքրը՝ 12 կոնֆետ: Ավագը փոքրից քանի ՞ կոնֆետ պետք է խլի, որպեսզի եղբայրների մեջ հավասարություն հաստատվի»:


Եվ վերջապես.«Սոսը գազանանացում 3 ուղտի էր գժվացնում, ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քա՞նի անգամ Սոսի վրա թքեցին»:


Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Tert.am–ին պարզաբանեց, որ գիրքը նախարարության հետ որևէ կապ չունի, երաշխավորված չէ ԿԳՆ–ի կողմից:


«Ո՛չ գիրք է, ո՛չ դասագիրք, ո՛չ մեթոդական ձեռնարկ, ո՛չ օժանդակ, և դպրոցներում չեն օգտագործում»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը և հավելեց, որ գիրքը շրջանառության մեջ է մտել 90-ականներից: