ԱՄՆ-ում ոստիկանությունը խուզարկել է Ջասթին Բիբերի տունը
Լոս Անջելեսի ոստիկանությունը երեքշաբթի խուզարկել է երգիչ Ջասթին Բիբերի՝ Կալաբասաս քաղաքում գտնվող տունը: Կանադացի երգիչը կասկածվում է հարևանի տան վրա ձվեր նետելու մեջ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով AP-ին, որն այս տեղեկություններն ստացել է ոստիկանության ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորից:
Ավելի վաղ ոստիկանություն էր դիմել Բիբերի հարևանը՝ բողոքելով, որ կանադացի երգիչն իր տան վրա ձվեր է նետել՝ պատճառելով 400 դոլարի վնաս: Ըստ հարևանի՝ այդ պահին ինքը գտնվել է պատշգամբում և այդ ամենը նկարահանել է տեսախցիկով:
Ուիթմորը նշել է, որ Բիբերը չի խոչընդոտում խուզարկությանը և օգնում է հետաքննությանը: Երգչի պաշտոնական ներկայացուցիչներից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել:










