Հայտնի բրենդներին մեղադրել են մանկական հագուստ պատրաստելիս վնասակար նյութեր օգտագործելու համար
Համաշխարհային բրենդներն արտադրում են մանկական հագուստ, որը պարունակում է վտանգավոր քիմիական նյութեր: Այդ մասին հայտարարել է Greenpeace International միջազգային կազմակերպությունը 12 խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Adidas-ի, Disney-ի, H&M-ի և Nike-ի արտադրանքն ընդգրկած հետազոտության արդյունքներով, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ստուգման ենթարկված յուրաքանչյուր բրենդի հագուստ պարունակել է վտանգավոր քիմիկատներ։
«Այդպես, Adidas-ի լողազգեստներից մեկում պերֆտորացված քիմիական նյութի մակարդակը գերազանցել է նորմը, որը հաստատվել է հենց ընկերության կողմից, մինչդեռ Primark մանկական վերնաշապիկի կտորը պարունակել է 11 տոկոս ֆտալաթթվի եթեր: Բացի այդ, վտանգավոր նյութեր են հայտնաբերվել յուրաքանչյուր բրենդի արտադրանքից առնվազն մեկում, իսկ ամենաշատը նման արտադրանք հայտնաբերվել է Disney, American Apparel և Burberry ընկերությունների մոտ»,-ասված է հաղորդագրությունում:
Ըստ փաստաթղթի՝ շրջակա միջավայրում հայտնվելու դեպքում այդ քիմիական նյութերը բացասական ազդեցություն են թողնում մարդու վերարտադրողական, հորմոնալ և իմունային համակարգի վրա:
Հետազոտությունն անցկացվել է Չինաստանում՝ տեքստիլ արտադրանքի համաշխարհային ամենախոշոր արտադրողի մոտ:










