Բրիտանացի քաղաքական գործիչները պետական միջոցներով պատվիրել են իրենց դիմանկարները

21:56 • 14.01.14

Բրիտանական խորհրդարանի պատգամավորները պետական միջոցներից 250.000 ֆունտ ստերլինգ ծախսել են իրենց դիմանկարները և քանդակները պատրաստելու համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով բրիտանական ԶԼՄ-ներին:


Ըստ քննադատների՝ քաղաքական գործիչները հասարակական միջոցներն օգտագործել են սեփական հետաքրքրությունները բավարարելու համար, իսկ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ այս կերպ պատրաստվում են հավերժացնել հայտնի քաղաքական գործիչների մասին հիշողությունները:


Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ 2000-2010 թվականներին ներկայացուցիչների պալատը պատվիրել է 21 նկար, որոնց միջին գինը կազմում էր 7-9.000 ֆունտ ստերլինգ:


«Հարկատուների միություն» կազմակերպության ղեկավար Ջոնաթան Այսեբին նշել է, որ անհրաժեշտ է հավերժացնել հայտնի քաղաքական գործիչներին, սակայն՝ խնայելով միջոցները. լուսանկարներն ավելի էժան են, քան դիմանկարները: