«Դ!եմ եմ» նախաձեռնությունը Հանրապետության հրապարակում իրազեկման ավտոերթ կանցկացնի
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնությունը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ հունվարի 16-ին Հանրապետության հրապարակում հունվարի 18-ին 4 ոչ իշխանական ուժերի հետ նախատեսված հանրահավաքից առաջ իրազեկման ավտոերթ կանցկացնի:
Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ նպատակը ՀՀ քաղաքացիներին կուտակային կենսաթոշակների օրենքի և հունվարի 18-ի հավաք-երթի մասին իրազեկումն է յուրահատուկ մեթոդով՝ անձնական մեքենաների և տաքսիների երթով, որը կգրավի հանրության ուշադրությունը։
Facebook-ի իրազեկման մեջ մանրամասնվում է երթևեկման կարգը.
«Հարգելի ՀՀ քաղաքացի։
Երթին մասնակցելու համար հարկավոր է հունվարի 16-ին, ոչ շուտ և ուշ, քան ճիշտ ժամը 8:30-ին, մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 10։00-ը։ Խնդրում ենք չուշանալ։ Հրապարակում խցանում առաջանալու դեպքում հարկավոր է ուղղակի սպասել մինչև 10։00-ը։ Հարկավոր է ունենալ բավարար քանակության վառելիք խցանումներում երթևեկելու համար։
Ցանկալի է ունենալ «Դ!եմ եմ» նախաձեռնության և Հայաստանի Հանրապետության դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։ «Դ!եմ եմ» նախաձեռնության դրոշակներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել «Դ!եմ եմ» թիմի անդամներին։ Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում՝ հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության հրապարակ մտնելու համար՝ ամենակարճ ուղով` մինչև 10։00-ը»։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը պայքարում է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ։ Պարտադիր դրույթը վերաբերում է 1974թ. հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածներին: Նրանց աշխատավարձի 5-10%-ը՝ կախված աշխատավարձի չափից, պարտադիր կերպով կփոխանցվի կուտակային ֆոնդերին և տարիներ անց, որոշակի հավելումներով, կվճարվի որպես կենսաթոշակ:










