Սնանկացած Դետրոյթի արվեստի գործերի փրկության համար 330 մլն դոլար է հավաքվել

10:30 • 14.01.14

ԱՄՆ-ի ընկերություններն ավելի քան 330 մլն դոլար են նվիրաբերել սնանկացած Դետրոյթ քաղաքի արվեստի գործերի հավաքածուների փրկության համար։ Այդ մասին հայտնել են քաղաքի և նրա բազմաթիվ վարկատուների միջև բանակցություններին մասնակցող միջնորդները, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Նրանց համաձայն՝ առաջիկայում միջոցներ կնվիրաբերեն նաև այլ ընկերություններ։ Բացի այդ, ակցիային կմասնակցի մոտ 130 անհատ։ Ավելի վաղ դաշնային դատավոր Ջերալդ Ռոզենը հայտնել էր, որ Դետրոյթի հավաքածուների փրկության համար անհրաժեշտ է հավաքել մոտ 500 մլն դոլար։

 

2013թ. դեկտեմբերին Christie’s աճուրդի տունը գնահատել էր քաղաքի Արվեստների ինստիտուտի հավաքածուի նմուշները։ Պարզվել է, որ այն կազմում է 450-870 մլն դոլար։ Այդ գումարի մոտ 75%-ը կազմում են արվեստի 11 գործեր, որոնց թվում են՝ Վինսենթ Վան Գոգի, Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Ֆրանս Հալսի աշխատանքները։

 

Հավաքածուի գնահատումը եղել է քաղաքի վարկատուների պահանջներից մեկը։ Դետրոյթի հակաճգնաժամային կառավարիչ Քևին Օրրը չի բացառել, որ ստեղծագործությունների մի մասը կարող է վաճառվել։

 

Ի տարբերություն ամերիկյան այլ պատկերասրահների մեծամասնության, Դետրոյթի Արվեստների ինստիտուտը և նրա գրեթե ամբողջ հավաքածուն պատկանում են քաղաքին, այլ ոչ թե կոմերցիոն կազմակերպությունների։