Մայքլ Դուգլասը «Մարդ-մրջյունը» ֆիլմում կխաղա Հենք Փիմի դերը
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը կկատարի Հենք Փիմի դերը ռեժիսոր Էդգար Ռայթի «Մարդ-մրջյունը» ֆիլմում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «И-онлайн» պարբերականին։
«Հենք Փիմի կերպարի ետևում հարուստ պատմություն կա, որը կապված է կոմիքսներ հրատարակող Marvel ընկերության հետ։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեզ պետք է դերասան, ով կկարողանա փոխանցել կոմիքսների այդ վաստակավոր հերոսի կարևորությունը։ Շատ ուրախ ենք, որ Դուգլասը համաձայնվել է կատարել այդ դերը։ Նա կլրացնի կերպարի բնավորությունն իր լավագույն հատկանիշներով՝ գրավչությամբ և առնականությամբ»,- նշել է Marvel ընկերության նախագահ Քևին Ֆայգին։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. հուլիսի 31-ին։










