Վախկոտ ժողովուրդները երբևէ անկախություն չեն նվաճում. hարազատներն այցելել են Շանթ Հարությունյանին

22:05 • 14.01.14

Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին այսօր այցելել են նրա հարազատները՝ ձերբակալման օրվանից սկսած՝ առաջին անգամ թույլտվություն ստանալով: Tert.am-ի հետ զրույցում նրա կինը՝ Ռուզան Բադալյանը, նշեց, որ Շանթ Հարությունյանը գունատ էր, հյուծված, բայց՝ ուժեղ ոգով:

 

«Նա ասում էր, որ Հայաստանում պետք է հեղափոխություն արվի, միայն այդ կերպ կարելի է հասնել երկրի ազատությանը: Նա գտնում է, որ ժողովուրդը պետք է դուրս գա՝ նվաճելու իր անկախությունը: Ասում էր, որ երկրի ամբողջ մարդկության պատմության մեջ ժողովուրդները գոնե մեկ անգամ դուրս են գալիս փողոց՝ նվաճելու իրենց ազատությունը: Քաջ ժողովուրդներն են միայն անկախ ապրում, վախկոտ ժողովուրդներն երբևէ անկախություն չեն նվաճում»,-ասաց նա և ընդգծեց, որ Շանթ Հարությունյանը փոխվել էր միայն արտաքնապես, բայց՝ ոչ հոգեպես:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ փորձել էր Երևանի Մաշտոցի պողոտայով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը։ Տեղի էին ունեցել բախումներ, և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։

 

Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):