Եթե Ռ. Քոչարյանը բան ունի ասելու, ապա պետք է ասի Նախագահին ու ՀՀԿ–ին. Պարույր Հայրիկյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռահար բանավեճը հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու միջոց է, և եթե Ռոբերտ Քոչարյանը բան ունի ասելու, ապա դա պետք է ասի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Նրանք ընդամենը թղթային վերլուծություններով են զբաղված, որևէ լուրջ բան չկա: Տիգրանը Սարգսյանը Սերժ Սարգսյանի վարչապետն է և նրա փոխարեն կարող է լինել ցանկացածը, եթե Ռոբերտ Քոչարյանը բան ունի ասելու պետք է ասի Նախագահին ու Հանրապետական կուսակցությանը»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ այս ամենը կարելի էր լուրջ ընկալել, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը մի որևէ հեռուստաընկերությամբ նստեին ու բանավիճեին:
«Այ այդ պայմաններում միայն կերևա նրանց մտավոր մակարդակը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից բարձրացված հարցերին, ապա բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ սկիզբ է առել հենց նրա նախագահության տարիներից, իսկ դրա վկայությունը «Մարտի 1»-ն է»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Պարույր Հայրիկյանը ընդգծեց, որ ՀՀ երեք նախագահներն էլ նույն թիմից են. երեքն էլ թույլ չտվեցին, որ հայ մարդը կայանա:










