ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները ուրացման կերպար են ընդունել. Գառնիկ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով վերջերս հանդես էր եկել երեք նախագահների հանդիպման առաջարկով, Tert.am -ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու էր ՀՀ երկրորդ նախագահը լռում երկար ժամանակ և խոսում հիմա, երբ «գազային պայմանագրերը» վավերացված են, ասաց. «Վերջապես մեր երկրում Սահմանադրությամբ հաստատագրված իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իրավունք ունի իր վերջնական խոսքն ասելու ցանկացած հարցի կապակցությամբ, և, վստահ եմ, ժողովուրդը դա կանի: Եվ եթե պարոն Քոչարյանը այս պարագայում ձեռնպահ մնար արտահայտվելուց, հետո նրան մեղադրելու էին, թե ինչո՞ւ ընդհանրապես չխոսեց»:
-Պարոն Իսագուլյան, ՀՀ երկրորդ նախագահը, վերջին 20 օրում երկու հարցազրույց տվեց, որոնցում խոսեց բավականաչափ արմատական ընդդիմադիր բառապաշարով: Մասնավորապես, խոսքը նախորդ հարցազրույցում ապատիայի, արտագաղթի և երկրում մնացած 40 տոկոս բնակչության մասին է: Ձեր կարծիքով՝ սա քաղաքականություն վերադառնալու հա՞յտ է, թե՞ ոչ:
-Ռոբերտ Քոչարյանը հայոց պատմության վերջին քսանհինգ տարիների ընթացքում առնվազն քսան տարի ունեցել է առանցքային դերակատարություն և որպես քաղաքական գործիչ, որն եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը իրավունք ուներ որոշակի ժամանակահատված չարձագանքել Հայաստանում ընթացող գործընթացներին, բայց ընդհանրապես չխոսել, երբ ներկայիս ձախողումները փորձում են վերագրել նրա նախագահության շրջանին, այսպես կոչված, սխալ տնտեսական քաղաքականությանը, ընդ որում այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածի վարչապետը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, որն այսօր հասկանալի պատճառով չի կարող արձագանքել այդ «հարձակումներին», իսկ նրա նախկին կուսակիցները և հատկապես՝ նրա օգնական աշխատած ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները ուրացման կերպար են ընդունել, Քոչարյանի լռությունը կընկալվեր որպես փաստարկ և ապացույց այն բանի, որ իսկապես այսօրվա ձախողումները պայմանավորված են Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք թույլ տված սխալներով: Ես կարծում եմ, որ հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել Ռ. Քոչարյանի պատասխանները և պետք չէ դրանում այլ ենթատեքստեր փնտրել:
- Ռոբերտ Քոչարյանը, խոսելով գազային համաձայնագրերի մասին` գազի գնի պարտքի թաքցնելը որակեց որպես «շատ տհաճ պատմություն», որի հետևանքով տուժեց Կառավարության հեղինակությունը: Ձե՛ր գնահատականը:
-Այս պատասխանի հետ միարժեքորեն համամիտ եմ, դրա ականատեսը մենք Ձեզ հետ միասին եղանք Ազգային ժողովի այն նիստի ժամանակ, երբ քննարկվում էր այդ խնդիրը, ու եթե կա մեկը, որ մտածում է այլ կերպ, կարող է սոցիոլոգիական հարցում պատվիրել այդ թեմայով և համոզվել այդ խոսքերի ճշմարտացիության մեջ:
- Քոչարյան- վարչապետ «փոխհրաձգությունը»՝ միմյանց պատասխանները, ըստ Ձեզ, ուղղակի՞ են, թե՞ միջնորդավորված: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն ուղղված են հենց վարչապետի՞ն, թե՞ նախագահ Սերժ Սարգսյանին:
-Խոսել փոխհրաձգության մասին, երբ կողմերը խոսում են միանգամայն տարբեր խնդիրներից, տեղին չէ, և ես բազմիցս առիթներ ունեցել եմ հայտարարելու, որ լավ ճանաչելով Ռոբերտ Քոչարյան մարդուն, քաղաքացուն և նախագահին, կարող եմ ասել, որ եթե նա որևէ մեկին բան ունի ասելու, ասում է ուղղակի և առանց միջնորդավորվածության:
- Պարոն Իսագուլյան, ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցները որոշ վերլուծաբանների, անհատների կողմից որակվում են որպես բեմականացված ներկայացում, որը պետք է նախապատրաստի նրա վերադարձը: Ձե՛ր մեկնաբանությունը:
-Այս հարցին, ըստ էության, պատասխանել եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ մեծ քաղաքականություն, դրա մասին հաստատ նախօրոք կբարձրաձայնի: Կան մարդիկ, որոնց համար զարտուղի ճանապարհներն անընդունելի են, նրանք սիրում են աշխատել ուղիղ և ճակատային: Այնպես որ անհանգստանալու առիթ առայժմ չկա, եթե նման բան նախատեսվի, դրա մասին հանրությանը նախօրոք կտեղեկացվի:
-Սակայն ակնհայտ է չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանը այս գազային պայմանագրերին տեղյակ էր, ինչո՞ւ էր ուրեմն լռում չորս տարի շարունակ, կամ հենց ԱԺ քննարկման ժամանակ, երբ դրանք վավերացվում էին, կամ կուտակայինի հետ կապված, երբ ողջ աշնանը հասարակությունը այդ հարցով ալեկոծված էր:
-Հայ իրականության մեջ կա շատ հայտնի ասացվածք՝ «Առուն չթռած, հոպ մի ասա»: Նույնիսկ այժմ, երբ, ըստ էության, ամեն ինչ ավարտված է, և ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռ սպասում են վերջին ատյանի որոշմանը, այն է՝ Սահմանադրական դատարանի խոսքին: Բայց եթե նկատել եք ՀՀԿ-ի երիտթևը հորթի խանդավառությամբ սկսել է ենթադրություններ անել ու նույնիսկ բացատրություններ պահանջել, թե ինչո՞ւ հանկարծ խոսեց էքս-նախագահը: Վերջապես մեր երկրում Սահմանադրությամբ հաստատագրված իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իրավունք ունի վերջնական խոսքն ասելու ցանկացած հարցի կապակցությամբ և, վստահ եմ, ժողովուրդը դա կանի: Եվ եթե պարոն Քոչարյանը այս պարագայում ձեռնպահ մնար արտահայտվելուց, հետո նրան մեղադրելու էին, թե ինչու ընդհանրապես չխոսեց: Երկսայր սրի երկու կողմն էլ կտրող են: Այնպես որ պատմությունն այս հարցերին դեռ կանդրադառնա:










