Ուկրաինայում Լենինի արձանի վրա ազդանշանային համակարգ կտեղադրեն
Ուկրաինայում Վլադիմիր Լենինի հուշարձանների վրա վանդալների հարձակումներից հետո, Բորիսպոլ քաղաքում գտնվող արձանը նախատեսվում է շուրջօրյա վերահսկողության տակ առնել, գրում է Взгляд-ը։
«Այժմ բանակցում ենք Կոմունիստական կուսակցությունից քաղխորհրդի պատգամավոր Անատոլի Կոնստանտինովիչի հետ՝ մեր Լենինի վերաբերյալ, քանի որ ցանկանում ենք ազդանշանային համակարգ տեղադրել նրա վրա՝ խուլիգանության դեպքերում արագ արձագանքելու համար»,- ասել է Բորիսպոլի ոստիկանության ղեկավար Ռոման Կոզյակովը։
Նրա խոսքով՝ տեսախցիկների տեղադրումը բավարար չէ ինչ-որ քայլերի արձագանքելու համար, քանի որ հաճախ վնաս հասցնելու համար պետք է ոչ ավելի քան 1 րոպե։
Վերջին շրջանում Ուկրաինայում ավելացել են խորհրդային առաջնորդի հուշարձանին վնաս հասցնելու փորձերը։
Հունվարի 10-ին անհայտ անձինք Մաշևկա քաղաքում կոտրել էին արձանի գլուխը, հունվարի 9-ին գյուղերից մեկում նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել։ Առաջին նման դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 8-ին՝ ընդդիմության զանգվածային ակցիայի ընթացքում։










