ԱԺ-ում Վահան Հովհաննիսյանին փոխարինողը հայտնի է

14:59 • 14.01.14

ՀՅԴ ԳՄ-ի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

 

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

 

Նշենք նաև, որ Միքայել Մանուկյանը ՀՅԴ համամասնական ցուցակի 9-րդ համարն էր։ Նա «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է։

 

 

Միքայել Վաղինակի Մանուկյան

 

Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երևանում:

 

1986թ. ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը: Նկարիչ:

 

2006 թ. Ավարտել է Պետական մանկավարժական ինստիտուտը։ 

 

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:

 

1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:

 

Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան» և ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:

 

2002-2007թթ. և 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է:

 

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից::

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա: