Ֆլորիդայի կինոթատրոններից մեկում տղամարդուն սպանել են բջջային հեռախոս օգտագործելու համար

11:03 • 14.01.14

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում պարզվում են կինոթատրոնում տեղի ունեցած սպանության հանգամանքները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:

 

Դեպքը տեղի է ունեցել Տամպա քաղաքից քիչ հեռու գտնվող կինոթատրոնում՝ «Փրկվածը» ֆիլմի ցուցադրության ժամանակ։

 

Շերիֆի մամուլի քարտուղար Մելանի Սնոուի խոսքով՝ կինոդիտման ժամանակ երկու հանդիսատեսի միջև կոնֆլիկտ է առաջացել: Ոստիկանության 71-ամյա պաշտոնաթող սպա Քերթիս Րիվզը խնդրել է 43-ամյա հանդիսատեսին դադարեցնել տեքստային հաղորդագրություններ հավաքել բջջային հեռախոսով: Երկու տղամարդկանց միջև վեճ է սկսվել, ինչից հետո Րիվզը կրակ է բացել:

 

43-ամյա ամերիկացին և նրա կինը վնասվածքներ են ստացել: Տղամարդն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Քերթիս Րիվզը ձերբակալվել է, նրան սպանության մեղադրանք է ներկայացվել: