Նոբելյան մրցանակակիրները Ռուսաստանին կոչ են արել վերացնել միասեռականության քարոզն արգելող օրենքը
Նոբելյան մրցանակի 27 դափնեկիրներ ստորագրել են Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված բաց նամակ` կոչ անելով չեղարկել այսպես կոչված գեյ-քարոզչության մասին օրենքը, հայտնել է The Independent-ը:
Նամակը ստորագրողների թվում են Ջոն Մաքսվել Կուտզեեն` 2003-ի Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում, գենետիկ Փոլ Ներսը, որը մրցանակ է ստացել 2002-ին, քիմիկոս Հարոլդ Կրոտոն, ով մրցանակ է ստացել 1996-ին: Հենց վերջինս և դերասան Իեն Մաքքելենն են դարձել այս նամակի նախաձեռնողները:
«Բողոքը երբեք հեշտ չի լինում, սակայն մենք հուսով ենք, որ նոր օրենսդրությանն անհամաձայնություն հայտնելով՝ մենք ռուսական պետությանը խրախուսում ենք XXI-րդ դարում հումանիտար, քաղաքական և ժողովրդավարական սկզբունքներ հաստատել, որոնց իրականացմամբ զբաղվում էր Միխայիլ Գորբաչովը», - ասված է բաց նամակում:
2013-ի հունիսի վերջին Ռուսաստանում ընդունվել էր անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելելու մասին օրենքը, ինչը քննադատության էր ենթարկվել հիմնականում արևմտյան գործիչների, իրավապաշտպանների կողմից:










