Անձնական կյանքը պետք է անձնական մնա. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ որոշակի խնդիրներ կան անձնական կյանքում, սակայն հրաժարվել է մանրամասնել «Գայեի գործը»: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Մամլո ասուլիսի մեծ մասը նվիրված է եղել տնտեսական քաղաքականության հարցերին: Ելույթի սկզբում Օլանդը խոսել է հարկերի և երիտասարդության հարցերի մասին, սակայն թղթակիցները նշում են, որ շատերը Ելիսեյան պալատ էին եկել, որպեսզի տեսնեն նախագահի արձագանքը սկանդալային հրապարակումների վերաբերյալ:
Սակայն նա հրաժարվել է լրագրողներին պատմել գործի մանրամասները՝ նշելով, որ անձնական կյանքը պետք է անձնական մնա:
«Բոլորի կյանքում բարդություններ լինում են, հենց դա էլ կատարվում է մեզ հետ այսօր»,–ասել է նախագահը։
Օլանդը խոստացել է այս հարցի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել ԱՄՆ կատարվելիք այցից առաջ:










