Պարույր Հայրիկյանի համար երկրորդական է կենսաթոշակայինի հարցը, առաջնայինը ՄՄ–ի և «ղազային պայմանագրերի» դեմ պայքարն է
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը թեև անձամբ հնարավոր է ներկա չլինի հունվարի 18-ին «Դեմ եմ» նախաձեռնության և խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, բայց կոչ է անում իրեն միացած համարել:
«Ես իմ կուսակիցներին ասել եմ, որ իրենք ազատ են իրենց ինքնորոշման մեջ, կարող են մասնակցել ցանկացած ակցիայի, հանրահավաքի, որին անհրաժեշտ են համարում: Բայց ինձ համար կենսաթոշակային հարցը երկրորդական եմ համարում Հայաստանի Մաքսային միությանը միանալու հարցի համեմատ, թեև դա էլ երկրորդական չէ»,-ասաց նա:
Պարույր Հայրիկյանն այն դիրքորոշումը հայտնեց, որ Հայաստանի ՄՄ-ին միանալու հարցը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ավելին, ըստ նրա, ազնիվ քարոզարշավի դեպքում արդյունքը կարող է լինել այնպիսի, ինչպիսին դա եղավ 1991թ-ի անկախության հանրաքվեի ժամանակ:
«Երեք ավազակ, հանցագործ հավաքվել են, թայֆա են ստեղծում ու համոզում են, որ մենք ձգտենք ոչ թե 27 դեմոկրատների հետ հարաբերությունների մեջ մտել, այլ երեք դիկտատորների։ Ասում են, որ էժան գազ են տալու, բայց ստում են: Վաղը նավթի գինը կընկնի, ու դու կհայտնվես սնանկ պետության կարգավիճակում: Պետք է պայքարել «գազային» կամ ավելի ճիշտ է ասել «ղազային» պայմանագրերի դեմ, որովհետև այս ամենը սխալ է»,-ասաց նա:
Պարույր Հայրիկյանը հենց այս պայմանագրերի դեմ պայքարելու նպատակով էլ հրավիրում է հունվարի 24-ին իր հերթական հանդիպումը ՀՀ քաղաքացիների հետ Ազատության հրապարակում:










