Ցրտահարության վտանգ չկա` բացի այգեթաղ չարված խաղողի այգիներից. գյուղնախարարություն

19:56 • 14.01.14

Գյուղատնտեսության նախարարությունը ցրտահարության վտանգ չի տեսնում՝ բացառությամբ այգեթաղ չարված խաղողի այգիների: Tert.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը պնդեց, որ վախենալ պետք չէ. Հայաստանում ավելի ցածր ջերմաստիճանի գրանցման դեպքեր են եղել:


«2002-ի դեկտեմբերի վերջին մինչև 30 աստիճան ցուրտ էր գրանցվել: Մենք ունենք բոլոր դիտակետերի տվյալներն ամբողջ ձմեռվա համար, սերտորեն համագործակցում ենք «Հայհիդրոմետ» ծառայության հետ»,-ասաց նա:

 

Գառնիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ աշնանացան հացահատիկային մշակաբույսերն այս պահի դրությամբ չեն տուժել:
«Չեն տուժել նաև պտղատու ծառատեսակները, մասնավորապես՝ ծիրանենին: Խաղողի այգիները, որոնք ժամանակին խնամքով այգեթաղ են արվել, չէին կարող վնասվել: Մենք անհանգստություն ունենք արարատյան դաշտավայրում չթաղված, չծածկված խաղողի այգիների պահպանության հացում, քանի որ այնտեղ առանձին հատվածներում դիտվել է 16 աստիճանից ցածր ջերմաստիճան, որոշ օրերի այն հասել է 20 աստիճանի»,-ասաց նա:

 

Գյուղփոխնախարարը նշեց, որ նախարարությունն ընդհանուր գնահատական կտա ավելի ուշ, երբ եղանակը տաքանա:
«Մենք գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին հանձնարարել ենք տարբեր սորտերի բաց այգիներից կտորներ մթերել: Դրանք պահվում են տաք պայմաններում։ Առաջիկայում կհետևեքն, թե ինչպիսի փոփոխություններ են նկատվում: Նույնիսկ՝ թաղված այգիներից մի փոքր բացում ու կտորներ ենք վերցնում՝ համոզվելու, որ չեն տուժել։ Հետագայում դրանք կհամեմատենք»,-ասաց նա:

 

Գառնիկ Պետրոսյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր խաղողագործ գիտի, որ պետք է ձմռանն ընդառաջ այգեթաղ անի, բայց շատերը խուսափում են, քանի որ դա աշխատատար գործ է, ուստի հաճախ տուժում են խաղողի թառմերը։


«Դրա համար նաև ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, բայց փորձված այգեգործները ծածկում են իրենց այգին»,-ասաց նա: