Արգենտինայում ընթանում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները

12:19 • 14.01.14

Արգենտինայում իտալացի կինոգործիչների հետ համատեղ ընթանում են Հռոմի պապի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Արգենտինացի ռեժիսոր Միգել Ռոդրիգես Արիասի «Ֆրանցիսկոսը Բուենոս Այրեսից» անվանումով ֆիլմը պատմում է պոնտիֆիկոսի կյանքի մասին մինչ նրա՝ Հռոմի պապ ընտրվելը։ Պատմում են նրանք, ովքեր նրան ճանաչում են։ Ֆիլմը կպատմի նաև Ֆրանցիսկոսի՝ Հռոմի պապ ընտրվելու առաջին տարվա մասին, նրա կայացրած որոշումների և այդ որոշումների հետևանքների մասին։

 

Ֆիլմի հեղինակները դեռևս չեն պատրաստվում ներառել հենց պոնտիֆիկոսի ելույթները, սակայն կպատմեն ֆուտբոլի հանդեպ նրա սիրո և սիրելի թիմի՝ «Սան Լորենսոյի» մասին։

 

Բացի այդ, կինոգործիչները պատրաստվում են պատմել Հռոմի պապի՝ երաժշտության և գրականության հանդեպ ունեցած սիրո, ինչպես նաև հայտնի արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի հետ ընկերության մասին։
Սպասվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա Բուենոս Այրեսում, մարտի 13-ին։