Դերասանուհի Ջիլիան Անդերսոնը սկսել է գրականությամբ զբաղվել

17:29 • 15.01.14

Դերասանուհի Ջիլիան Անդերսոնը սկսել է գրականությամբ զբաղվել: Դերասանուհին հայտարարել է Simon & Schuster հրատարակչության հետ համագործակցության մասին, որտեղ նա պատրաստվում է հրատարակել EarthEnd Saga («Աշխարհի վերջի մասին սագան») ընդհանուր անվանմամբ գիտաֆանտաստիկ վեպերի շարքը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

Շարքի առաջին գիրքը ստացել է A Vision of Fire անվանումը: Դրա սյուժեի մանրամասներն այժմ չեն բացահայտվում: Թե երբ վեպը վաճառքի կհանվի, նույնպես անհայտ է: Անդերսոնն աշխատում է շարքի վրա գրող Ջեֆ Ռովինի հետ:

 

Անդերսոնի գրքերը կհրատարակվեն Simon & Schuster ամերիկյան հրատարակչատանը: Նրա վեպերը կհրատարակի ընկերության նոր ստորաբաժանումը, որը կոչվում է Simon451: Գրքերը սկզբում թվային տարբերակով կհրատարակվեն, այնուհետ՝ տպագիր:

 

Ջիլիան Անդերսոնը ճանաչում է ձեռք բերել «Գաղտնի նյութեր» սերիալում իր դերից հետո, որտեղ նա խաղում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դանա Սկալիի դերը: