2014-ի ցուրտ հունվարը կարող է թեժ շարունակություն ունենալ. Անդրիաս Ղուկասյան

14:19 • 15.01.14

2014-ի ցուրտ հունվարը կարող է թեժ շարունակություն ունենալ՝ քաղաքացիական անհնազանդության, սոցիալական լարվածության և այլ դրսևորումներով: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

 

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում, այս տարվա ձմեռային սեզոնին՝ վճարումների հետ կապված (հոսանքի ու գազի կոմունալ վճարումներ), նկատում ենք զգալի նշաններ, որ զանգվածային դժգոհություն է երկրում: Եվ սա սոցիալական լուրջ իրավիճակ է, որը կարող է և քաղաքական հետևանքներ ունենալ, որովհետև, որքան էլ մեր հանրությունն իներտ է, իր կարողությունը՝ հանդուրժել անօրինական ճանապարհով իր ուսերին դրված այս տնտեսական բեռը, անսպառ չէ: Եվ կա այն կետը, երբ մարդիկ, վստահ եմ, կցուցաբերեն իրենց ակտիվությունը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

 

Նշենք, որ բազմաթիվ օգտատերեր այս օրերին սոցկայքերում հանդես են գալիս կոչերով՝ չվճարել կամ հետաձգել վճարումները:

 

«Մի մուծեք մինչև վերջին պահը»,- Facebook–ի իր էջում գրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը:
 


Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանն առաջինն էր, որ խոսում էր քաղաքացիական անհնազանդություն անհրաժեշտության մասին։

 

Քաղաքագետը նշեց, որ դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ արձանագրելով. «Մենք ունենք մի իրադրություն, երբ սակագների ընդունման ժամանակ առհասարակ անտեսվել է հանրության շահը և Հայաստանի դիրքորոշումը՝ դատական վճիռներից մինչև օրենսդրական դաշտ։ Գերակշռում էր այն դիրքորոշումը, որ գազը և էլեկտրաէներգիան ապրանք է, որի գինը պայմանավորված չէ հանրության վճարունակությամբ: Պետությունն ունի պարտավորություն՝ հանրության բերեկեցության ապահովումը, և եթե քաղաքականությունը բերել է այնպիսի իրադրության, երբ զանգվածային անվճարունակություն է նկատվում հանրության շրջանում, դա նշանակում է, որ պետության՝ այդ ոլորտի քաղաքականությունը եղել է Սահմանադրությանը հակասող»:

 

Անդրիաս Ղուկասյանն ամփոփում է, որ ամեն դեպքում վիճակը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները պարզապես ի վիճակի չեն լինելու վճարել կոմունալ հաշիվները՝ անկախ նրանից, թե դա քաղաքական դրսևորում կստանա, թե ոչ, թե ի հայտ կգա հանրության զգալի մասի սնանկություն: Իսկ դրսևորման տեսքը, ըստ նրա, կախված է հանրության ինքնակազմակերպման կարողություններից:

 

Ի պատասխան հարցի, թե շատ շատերի կողմից նման ակցիային միանալու դեպքում խոսքը կարո՞ղ է լինել քաղաքացիական անհնազանդության, այլ ոչ չվճարած մարդկանց բնակարանների զանգվածային հոսանքազրկումների կամ «գազազրկումների» մասին, Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Երկու դեպքում էլ մատակարարող ընկերությունների համար արդյունքը գրեթե նույնը կլինի: Նրանք հետևողական պայքարում էին սակագները բարձրացնելու համար»:

 

Ըստ Անդրիաս Ղուկասյանի, այս գործընթացների համար ողջ պատասխանատվությունը՝ իր բոլոր տնտեսական բոլոր հետևանքներով, ընկնելու է հենց «ՀայՌուսգազարդ»-ի ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու դատարանների վրա: