ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսական ծրագրեր է տեղադրել 100.000 համակարգչում. New York Times
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսական ծրագրեր է տեղադրել ողջ աշխարհում 100 հազար համակարգչում, և կարող է այդ սարքերն օգտագործել լրտեսելու կամ կիբերհարձակումների համար, գրում է dw.de-ն: Այդ մասին հունվարի 15-ին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով Ազգային անվտանգության գործակալության նախկին ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերին, համակարգչային մասնագետների և ամերիկյան վարչակազմում աղբյուրների:
Թերթի համաձայն՝ այդ ծրագրերի տեղադրումն ամենահաճախն իրականացվել է համակարգչային ցանցերի հասանելիության միջոցով: Որոշ դեպքերում ԱԱԳ աշխատակիցները հատուկ ռադիոտեխնիկա են օգտագործել համակարգիչներ գտնելու համար, որոնք միացված չեն համացանցին և ունեն հատուկ ուժեղացված պաշտպանություն: Այդ նպատակով նման համակարգիչներում գաղտնի տեղադրվել են հատուկ դետալներ, օրինակ՝ USB քարտեր: Այդ մասնիկները մեծամասամբ տեղադրել են ԱԱԳ աշխատակիցները, կամ անգամ ոչինչ չկասկածող օգտատերերը:
The New York Times-ը նշում է, որ լրտեսական ծրագրի միջոցով, որը ստացել է կոդային Quantum անվանումը, ԱԱԳ-ը հետևել է չինացի և ռուս զինվորականների, թմրանյութ վաճառողների, ինչպես նաև Եվրամիության առևտրային կազմակերպությունների և ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ Սաուդյան Արաբիային, Հնդկաստանին և Պակիստանին: Ապացույցներ այն մասին, որ գործակալությունն օգտագործել է Quantum ծրագիրն ԱՄՆ-ի ներսում, դեռ չկան:










