Լոնդոնի կենտրոնում ևս մի ֆուտուրիստիկ երկնաքեր կհայտնվի
Լոնդոնի կենտրոնը կհամալրվի հերթական բարձրահարկ շինությամբ, որը կկառուցվի Եվրամիության ամենաբարձր երկնաքերի՝ 309-մետրանոց Shard Tower-ի կողքին, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Լոնդոնի ԶԼՄ-ներին:
27-հարկանի շենքի նախագծի հեղինակը ճարտարապետ Ռենզո Պյանոն է, որը նաև Shard Tower-ի հեղինակն է: Այնտեղ կտեղավորվի 150 բնակարան:
Նոր երկնաքերը կկառուցվի Shard Tower-ի և հայտնի Լոնդոնյան կամրջի անմիջապես հարևանությամբ: Այդպես մայրաքաղաքի հարավում կառաջանա խոշոր ճարտարապետական թաղամաս՝ ի հակակշիռ Թեմզայի հակառակ ափին գտնվող լոնդոնյան Սիթիին: Այնտեղ նույնպես ավարտվում է երկու նոր երկնաքերերի կառուցումը:
Շարունակվում է նաև Լոնդոնի արևելքում գտնվող Դոկլենդս գործարար կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը, ինչպես նաև Թեմզայի հարավային ափին՝ Վոքսհոլ կամրջի շրջանում, բարձրահարկ համալիրի կառուցումը:










