ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը տեղյակ չէ, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 2013-ին բարձրացել են
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը տեղյակ չէ, որ 2013-ին Հայաստանում բարձրացել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք խնայողություններ անում է թանկացումներից հետո՝ հետևելով նույն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «էկոնոմիա» անելու հորդորին, Շիրակ Թորոսյանը հարցրեց. «Ի՞նչ թանկացում»:
Մեր հիշեցումից հետո, պատգամավորն ասաց. «Թանկացել է մեկ-երկու տարի առաջ, բայց անցած տարի չի թանկացել: 2013թ-ին գազը չի թանկացել, ինչևիցե, լավ չեմ հիշում, ասե՛ք հարցը»:
Դիտարկմանը, թե փաստորեն չի զգացել թանկացումների արդյունքը գրպանի վրա, Շիրակ Թորոսյանն ասաց. «Իհարկե այս ձմռանն ավելի զգալի է, քանի որ հավելյալ գումար ենք հատկացնում ջեռուցմանը, իսկ ամռանն ավելի հեշտ է»:
Հետաքրքրվեցինք թե, այնուամենայնիվ, խնայողություններ անում է, պատասխանեց, որ ամեն մարդ իր ծախսերը, բնականաբար, միշտ պլանավորում է, և կառավարում իր եկամուտները:
«Բնական է, որ չենք շռայլում, բայց այնպես էլ չենք անում, որ ցուրտ լինի, որովհետև փոքր երեխա ունենք: Բնականաբար, եթե ավել ենք վառում, ապա ջեռուցման գումարի հատկացումը մեծացնում ենք»,- ասաց նա:










