Գեղարվեստի ակադեմիան հանդես կգա որպես Եվրամիության TEMPUS ծրագրի «Կառավարում» նախագծի համակարգող

12:28 • 15.01.14

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր մեկնարկեց Եվրամիության Tempus ծրագրի GOVERN (Կառավարում) նախագիծը, ուր ընդգրկված են 22 եվրոպական հայտնի կրթական հաստատություններ, այդ թվում նաև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան։ Հենց Գեղարվեստի ակադեմիան 3 տարի կգլխավորի հայտնի համալսարաններին՝ հանդես գալով որպես նախագծի համակարգող։

 

TEMPUS ծրագրի գրասենյակի համակարգող Լանա Կառլովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ GOVERN նախագիծը մշակվել է Երևանի Ակադեմիայի կողմից և իրենք էլ պարտավորվել են ղեկավարել հաստատությունները։ «Դա մեծ պատասխանատվություն է, քանի որ նրանցից է կախված ինչ համագործակցություն կստեղծվի, ինչպիսի երկխոսություն կլինի, և մենք հուսով ենք, որ երեք տարին բավականին թեժ կանցնի, որի արդյունքում կունենանք բավական պատրաստված կազմ և մեծ խնդիրներ կլուծվեն»,-ասաց նա։

 

Լանա Կառլովան տեղեկացրեց, որ այս տարին Tepmus-ը կունենա 18 նոր ծրագրեր, որոնք կիրականցնեն հայկական համալսարանները՝ ոչ միայն եվրոպական, այլ նաև ԱՊՀ և այլ հայտնի համալսարանների հետ։

 

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը պատահական չհամարեց, որ հենց իրենց բուհն է ընտրվել Կառավարման ծրագրի համակարգող։

 

«Գեղարվեստի ակադեմիան Tempus ծրագրով բավական ակտիվ է եղել և այսօր մասնակցում է հինգ ծրագրի, որից հնարավորություն է ընձեռվել ղեկավարել մեկը՝ Կառավարման ծրագրի համակարգողը մեր ակադեմիան է, և առաջին հավաքն է Երևանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա և նշեց, որ կառավարման հարցով ներկայացվելու են տարբեր բուհերի մոտեցումներ։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակն է ինտեգրվել եվրոպական կրթական համակարգին։

 

Նման կոնֆերանսներին և ծրագրերին մասնակցելով՝ Իսաբեկյանի խոսքով՝ ակադեմիայի կարգավիճակն է բարձրանում, ինչը թեև, ըստ նրա, այնքան էլ ցածր չէ։ «Իզուր չէր, որ մեկ ամիս առաջ բուհը մասնակցում էր աշխարհի ամենալավ բուհերի՝ Սանկտ Պետերբուրգի ֆորումին, որտեղ որ նախկին Սովետական միության պետություններից միայն մենք էինք, Ռիգայի ակադեմիան և Մինսկի ակադեմիան և որի շարունակությունը կլինի նաև մյուս տարի։ Այս ամենն ի օգուտ մեր բուհի է ուսանողների ու դասախոսների է»,-ասաց նա։