Հարավկորեացիները Հյուսիսային Կորեա են «ուղարկել» քարոզչական նյութերով փուչիկներ

16:14 • 15.01.14

Հարավկորեացի ակտիվիստները հունվարի 15-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ սահմանին 20 փուչիկ են բաց թողել երկինք՝ հյուսիսկորեացիների համար քարոզչական նյութերով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Փուչիկները որպես բեռ տարել են 1.000 դոլար՝ մեկական դոլարներով, 500 հազար թռուցիկ և DVD, որոնք դատապարտում են հյուսիսկորեական ռեժիմը, 50 փոքր ռադիոընդունիչ և «Վիքիպեդիայի» կորեական տարբերակով 1.500 կրիչ:

 

Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ կրիչները շատ հարմար է օգտագործել քարոզչական պայքարի համար, քանի որ դրանք փոքր են և հեշտ է թաքցնել, մինչդեռ պարունակում են մեծ քանակությամբ տվյալներ:

 

Ակցիան կայացել է՝ չնայած Փհենյանի խոստումներին՝ հարված հասցնել ակցիան կազմակերպած «մարդկային աղբին»: Թե ինչ հաջողություն է ունեցել ակցիան, դժվար է ասել. առնվազն երեք փուչիկ ավելի ուշ հայտնաբերվել է Սեուլի շրջանում. քամին հյուսիսի փոխարեն դրանք հարավ է տարել: