Յանուկովիչի հարևանները դժվարությամբ են տուն հասնում. ԶԼՄ-ներ

09:52 • 15.01.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարևանները Նովիե Պետրովցի բնակավայրում դժվարությամբ են տուն հասնում, քանի որ ստիպված են ճեղքել ոստիկանական շղթան, տեղեկացնում է Взгляд-ը՝ ուկրաինական 5-րդ ալիքին հղումով։

 

Ինչպես հայտնի է, երեկ «Ավտոմայդանը» (ցուցարարները՝ մեքենաներով) հերթական ակցիան է իրականացրել այդ տարածքում։

 

Ճանապարհին պետավտոտեսչությունը կանգնեցրել է ավտոմեքենաները, ավտոբուսներն ու բեռնատարները, որոնց դեմ կանգնել են իրավապահներ՝ առանց համազգեստի վրայի տարբերանշանի։

 

Ակտիվիստների համար կարդացել են դատարանի որոշումը՝ բնակավայրում հունվարի 1-ից 31-ն ակցիաներ անցկացնելու արգելքի մասին։

 

Նշվում է, որ տարածքի բնակիչները կարող են առանց խոչընդոտների մտնել իրենց տները, սակայն, թե ինչպես են մարդիկ ոստիկանությանն ապացուցում, որ բնակվում են այնտեղ, հայտնի չէ։ Հավանաբար նրանք ցույց են տալիս իրենց անձնագրերը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։